Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին, կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահը խորին շնորհակալություն է հայտնել նրանց և Գերմանիայի բոլոր այն քաղաքական և հասարակական ուժերին, որոնք իրենց վճռական խոսքն ասացին այս հարցում։ Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ բանաձևն իր ուրույն դերը կունենա ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում։
«Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն իսկապես պատմական քայլ էր. պատմական՝ ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, Գերմանիայի և գերմանացի ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Այն խորհրդանշում է ժողովրդավարության, համամարդկային արժեքների գերակայությունը և ընդգծում Գերմանիայի հետևողական դերն այդ արժեքների պահպանման գործում: Այն ուղերձ է ամբողջ աշխարհին առ այն, որ մարդկության դեմ գործված նույնիսկ հարյուրամյա վաղեմության հանցագործությունները ոչ միայն չեն մոռացվում, այլև դատապարտվում են՝ ճշգրիտ բնորոշմամբ»,-ասված է ՀՀ նախագահի խոսքում:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: