Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտային իրավիճակը հերթական անգամ հաստատեց Երևանի հետ Մոսկվայի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բնույթը և կասկածի տակ դրեց Բաքվի հետ դաշնակցային հարաբերությունները: Ձեր կարծիքով, ի՞նչ եզրակացություններ դրանից կարող է անել Մոսկվան, և ի՞նչ ապագա ունեն այդ հարաբերությունները:
Մոսկվան Բաքվի հետ իր հարաբերությունները երբեք չի դիտարկել որպես դաշնակցային: Այդ պետության առնչությամբ պաշտոնապես խոսք է գնացել միայն ռազմավարական գործընկերության մասին: Տեղի է ունեցել մերթ հարաբերությունների ամրապնդում մինչև այդ մակարդակը, մերթ երկկողմ հարաբերությունները վատթարանում են մինչև գործընկերային: Մասնավորապես, Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի փակումը և Ադրբեջան իսրայելական զենքի լայնածավալ մատակարարումները ոչ միայն հանգեցրեցին հարաբերությունների վատթարացման, այլև Մոսկվային ստիպեցին քննարկել ՌԴ-ում ադրբեջանական համայնքի համար այլընտրանքային կազմակերպության ստեղծման հարցը: Այդ ֆոնին Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները միշտ դիտարկվել են որպես դաշնակցային, ինչի դրսևորումը համատեղ հակաօդային պաշտպանության և պետական սահմանների պահպանության համակարգի ստեղծումն էր: Այսպես, եթե Ադրբեջանում ՌԴ-ն նույնիսկ ռազմական օբյեկտ չունի, ապա Գյումրիում տեղակայված է լիարժեք ռազմակայան, որի ռազմական ներուժը մշտապես մեծացվում է: Ռուս-թուրքական հարաբերությունների լուրջ սրման պայմաններում ակնկալում եմ Մոսկվայի և Երևանի միջև մերձեցման գործընթաց, առաջին հերթին` ռազմաքաղաքական ոլորտում: Հայաստանում ռուսական ռազմակայանը համալրվել է լրացուցիչ 7 ռազմատրանսպորտային և մարտական ուղղաթիռներով: Ուսումնասիրվում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՀՕՊ ժամանակակից համալիրների, օրինակ, «Ս-300 ՊՄՈՒ-2» զենիթահրթիռային համալիրների Հայաստան մատակարարման հարցը: Իհրակե, Մոսկվան ավելորդ անգամ չի սրի հարաբերությունները Բաքվի հետ: Սակայն, նույնիսկ Վրաստանում ադրբեջանական բնական գազի մասնակի փոխարինման նրա ձգտումը խոսում է այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարության համբերությունն անսպառ չէ, հատկապես` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակի արհեստական սրումը:
2015 թ. լճացման տարի էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ միաժամանակ նոր զոհեր բերելով հակամարտության կողմերին: Արդյո՞ք սոցիալ-տնտեսական անմխիթարական վիճակը Հայաստանում և, գլխավորը, Ադրբեջանում թույլ է տալիս կարգավորման հարցում որոշակի տեղաշարժեր ակնկալել 2016 թվականին, թե՞ այդ հարցն, այնուամենայնիվ, կախված է աշխարհաքաղաքական գործոններից:
2015 թիվը չափազանց տագնապալի էր Լեռնային Ղարաբաղի շուրջ խնդրի կարգավորման առումով: Ադրբեջանական կողմը զինված հակամարտության գոտում կիրառում էր ոչ միայն փողային հրետանի, այլև թուրքական արտադրության հաամազարկային կրակի 107 մմ-անոց ռեակտիվ համակարգեր, ինչը հանգեցրեց երեք կանանց մահվան սահմանամերձ հայկական գյուղում: Ավելին, Ադրբեջանը 1994 թվականից ի վեր առաջին անգամ հակամարտության գոտում տանկեր կիրառեց: Այդ ամենը խոսում է այն մասին, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրընթաց վատանում է, և այդ գործընթացը կարելի է կասեցնել մի շարք միջոցներ ձեռնարկելու ճանապարհով:
Մասնավորապես, անհրաժեշտ է ԵԱՀԿ առաքելության ձևաչափի փոփոխություն զինված հակամարտության գոտում: Առաքելությունը պետք է աշխատի մշտակամ հիմունքով և ունենա վերահսկողության տեխնիկական միջոցներ` անօդաչու թռչող սարքերի և բարձր լուծման տիեզերական լուսանկարների օպերատիվ տրամադրման տեսքով: Երկրորդ` հարկավոր է ստեղծել հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմ: Երրորդ` անհրաժեշտ է սկսել ճակատային գծից ինչպես ծանր, այնպես էլ թեթև սպառազինությունների հետ քաշումը: Հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղում կարող ենք ունենալ լոկալ զինված հակամարտություն` արդեն ամենամոտ ապագայում:
Նախորդ տարվա դեկտեմբերին Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և ԵՄ մասնակցությամբ ու Ռուսաստանի շրջանցմամբ Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրման Չինաստանի գործարկած նախագիծը, որը «Մետաքսի ճանապարհ» ենթակառուցվածքային նախագծի մի մասն է, ցույց տվեց, որ չնայած Մոսկվայի և Պեկինի բոլոր փոխադարձ հավաստիացումներին՝ «Մետաքսի ճանապարը» և Մոսկվայի կողմից առաջ մղվող եվրասիական ինտեգրման նախագիծը հազիվ թե փոխլրացվելի են: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ երկու նախագծերի հեռանկարները՝ հաշվի առնելով, որ, այսպես թե այնպես, «Մետաքսի ճանապարը» անցնում է հետխորհրդային տարածքով, որը Մոսկվան շարունակում իր կենսական շահերի գոտին համարել:
Ներկայում Չինաստանը ձեռնամուխ է լինում «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» գլոբալ նախագծի իրագործմանը, որի մասնավոր դրսևորումը Կենտրոնական Ասիայի տարածքում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագիծն է: Այդ նախագծերի շրջանակում ստեղծվող տարբեր փոխադրամիջանցքները Չինաստանի տնտեսության գլխավոր խնդիրը չեն: ՉԺՀ համաշխարհային արտահանման լուրջ նվազման պայմաններում Պեկինն ավելի մեծ ուշադրություն է դարձնում, առաջին հերթին, էկոլոգիական առումով կեղտոտ արդյունաբերական արտադրությունների տեղափոխմանն այլ պետությունների տարածք: Մասնավորապես, այդ գործընթացն արդեն սկսվել է Ղազախստանում, հերթը Ղրղըզստանինն է: Պեկինի համար ըստ կարևորության երկրորդ ուղղությունը երկրաժամկետ ներդումներն են` առնվազն 20 տարով: Կասպից ծովով դեպի Ադրբեջան և այնուհետև դեպի Վրաստան ու Թուրքիա չինական կոնտեյներների փորձնական փոխադրման ծավալներն այնքան էլ մեծ չեն, ուստի չեն կարող խոչընդոտել եվրասիական ինտեգրմանը: Այլ հարց է, թե գործնականում ինչպես կիրականացվի ռուսական և չինական ինտեգրացիոն նախագծերի կցորդումը: Այս ուղղությամբ կծագեն բարդրություններ, սակայն, իմ անձնական կարծիքով, դրանք չեն լինի անհաղթահարելի բնույթի:
Տպավորություն է ստեղծվում, որ չկարողանալով ճնշել Իրանին միջուկային ծրագրի հարցում և փաստորեն դադարեցնելով վերջինիս մեկուսացման քաղաքականությունը՝ Արևմուտքը և ԱՄՆ-ը, մասնավորապես, որոշել են մեկուսացնել իսլամական պետությունը Սաուդյան Արաբիայի և այլ սունիական երկրների միջոցով: Արդյո՞ք նման վարկածը գոյության իրավունք ունի, թե՞ ամեն բան շատ ավելի բարդ է:
Կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի նկատմամբ միանգամայն գիտակցված սադրանք է եղել: Վերջինիս նպատակն էր՝ փորձել մեկուսացնել Թեհրանին՝ նույնիսկ հակաիրանական ֆինանսատնտեսական պատժամիջոցների մեղմացման պայմաններում: Կասկածելի է, որ դա անհրաժեշտ է Օբամայի վարչակազմին, որի համար իրանական միջուկային ճգնաժամի կարգավորման միֆն արտաքին քաղաքական քիչ ձեռքբերումներից մեկն է: Միաժամանակ ամերիկյան հասարակության շրջանում ամենևին ոչ բոլորն են աջակցում Օբամային հակաիրանական պատժամիջոցների մեղմացման հարցում: Մասնավորապես, ԱՄՆ Կոնգրեսում մի քանի օրինագիծ է նախապատրաստված, որոնք ենթադրում են ԻԻՀ դեմ նոր պատժամիջոցների կիրառում ՙհրթիռային ծրագրի, մարդու իրավունքների ոլորտում խախտումների համար՚:
Ամերիկյան ներկայիս վարչակազմը կձգձգի այդ գործընթացը, բայց այն արդեն քաղաքական լուրջ կապիտալ չունի: Նախագահ Բարաք Օբաման ավելի շատ մտածում է այն մասին, թե ինչպես գեղեցիկ հեռանա՝ իր հետքը թողնելով պատմության մեջ: Նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ միջուկային ծրագրին առնչվող հակաիրանական պատժամիջոցների մեղմացման իրական գործընթացը կձգձգվի, և ներկայիս վարչակազմի օրոք կայուն բնույթ չի կրի:
Մյուս կողմից ԱՄՆ-ը, իհարկե, շահագրգռված է Սաուդյան Արաբիայի և Իրանի փոխադարձ թուլացմամբ՝ որպես տարածաշրջանային երկու առաջատար, քանի որ այդ դեպքում իր համար ավելի հեշտ կլինի կառավարել Մերձավոր և Միջին Արևելքը: Այլ բան է, որ կան նաև արտատարածաշրջանային այլ առաջնորդներ՝ Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, որոնք իրենց շահերն ունեն այնտեղ: Հիշյալ տարածաշրջանում սեփական քաղաքականությունն է փորձում իրականացնել Թուրքիան:
Անկարան շտապեց Սուլթանհամետ հրապարակում վերջին ահաբեկչությունը վերագրել Իսլամական պետությանը: Այդպիսով Էրդողանն ակնկալում է ձերբազատվել Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքներից, թե՞ Թուրքիան ընդամենը ժամանակավոր գործընկեր է ԻՊ ղեկավարության համար, որի ռազմավարական նպատակը Էրդողանի կառավարության տապալումն է:
Բազմաթիվ հիմքեր կան թուրքական MIT հետախուզական կազմակերպության և Իսլամական պետության միջև սերտ կապի մասին խոսելու համար: Մասնավորապես, 2014 թ. հունիսին ԻՊ ստեղծման փաստն առավելապես պայմանավորված էր երեք հատուկ ծառայությունների համագործակցությամբ՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Կատարի, ինչը թույլ է տվել իսլամական արմատականներին բավականին հեշտ զավթել Իրաքի Մոսուլ քաղաքը: Ըստ որում, արմատականները պատանդ վերցրեցին թուրքական հյուպատոսության աշխատակիցներին, որոնց զարմանալիորեն արագ և առանց փրկագնի ազատ արձակեցին: Այժմ թուրքական ղեկավարությունը ցանկացած ահաբեկչություն փորձում է վերագրել Իսլամական պետությանը, որն իբր վրեժ է լուծում Անկարայից հակաահաբեկչական կոալիցիային վերջինիս մասնակցության համար: Բայց իրականում դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Անկարան օգնել ու կշարունակի օգնել իսլամական արմատականներին՝ փորձելով նրանց ձեռքով իր ազգային շահերն իրացնել Սիրիայում և Իրաքում: Բայց ի՞նչ կանեն թուրքերը, երբ սիրիական ազգային բանակն աստիճանաբար դուրս մղի արմատականներին թուրքական տարածք: Միայն ուղարկել նրանց Եվրոպա՝ որպես փախստականներ: Բայց նույնիսկ այդ կերպ Անկարան չի կարողանա խուսափել իր երկրի ներսում ահաբեկչությունների ավելացումից:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի դեկտեմբերյան այցը Ռուսաստան և նրա հանդիպումներն ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ամերիկյան բավականին լարված հարաբերություններում զուսպ լավատեսության և նույնիսկ երկրորդ ՙվերաբեռնման՚ հույսեր փայփայելու առիթ տվեցին որոշ փորձագետների: Ինչպե՞ս եք պատկերացնում Մոսկվայի և Վաշինգտոնի հետագա հարաբերությունները:
Ռուս-ամերիկյան հարաբերությունները ներկայումս անորոշության բարձր աստիճանի վրա են գտնվում: Վաշինգտոնում արդեն հասկացել են, որ Ռուսաստանի հետ անհրաժեշտ է պայմանավորվել, մասնավորապես՝ Սիրիայի առնչությամբ, սակայն ներկայիս վարչակազմն արդեն չի կարող քաղաքական լուրջ որոշումներ կայացնել՝ երկրորդ ՙվերաբեռնման՚ ոճով: Հնարավոր է միան դիմակայության որոշակի թուլացում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ կապված: Դրա վկայությունն է, օրինակ, վերջերս Կալինինգրադի մարզում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ: Կարելի է ենթադրել, որ ողջ 2016 թ. ընթացքում հակառուսական պատժամիջոցները կշարունակեն գործել: Բայց միաժամանակ փոքր-ինչ կնվազի Արևմուտքի կողմից հակառուսական հռետորությունը: Բացի այդ, Վաշինգտոնը կփորձի փոխգործակցել Մոսկվայի հետ այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, մասնավորապես՝ Սիրիայի հարցում: