Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամը խոցված ռուսական ռմբարկուի հետևանքով է, թե՞ այստեղ խորքային նախադրյալներ կան:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ճգնաժամն ամենալուրջ, վտանգավոր և անկանխատեսելի ճգնաժամն է հարաբերությունների միջազգային համակարգում վերջին քառորդ դարում:
Այն մասին, թե ինչպես Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսության ոլորտում բավականին զարգացած և բարիդրացիական հարաբերություններն այդքան հեշտ էր փչացնել նախագահներից մեկի որոշմամբ, կարելի է երկար խոսել: Բայց այն, թե ինչու Ռուսաստանն այդքան լրջորեն սխալվեց Թուրքիայում, առանձին թեմա է, որն անհրաժեշտ է մանրամասն վերլուծել: Ես դա համարում եմ ռուսական արտաքին քաղաքականության, համապատասխան ծառայությունների մեծ ձախողումը: Սա ևս մտորելու և վերլուծելու առանձին թեմա է: Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում արտաքին քաղաքական ընտրախավի որոշակի մասն ակտիվորեն քննադատում է նախագահ Օբամային Թուրքիայի նկատմամբ վեջինիս արտաքին քաղաքականության համար: Այսինքն՝ ստացվում է, որ տարածաշրջանում իրենց շահերն ունեցող մեծ խաղացողները տարվել են գործնական խնդիրներով՝ բաց թողնելով Անկարայի նկատմամբ ռազմավարությունը: Եվ հենց այն բանից, թե ինչպես նրանք կփոխեն Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը, կախված է հարաբերությունների համաշխարհային համակարգի զարգացումը: Գործնականում այսօր երկու խնդիր կա: Ամենից առաջ անհրաժեշտ է մարել բռնկած հրդեհը, ինչի համար Ռուսաստանը պետք է զսպվածություն և սառնասրտություն ցուցաբերի, ինչով վերջինս, ցավոք, աչքի չի ընկնում: Երկրորդ խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն է տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը շատ լուրջ խնդիրներ ունի: Այս առումով վերածել Թուրքիային անտագոնիստ երկրի պետք չէ՝ հաշվի առնելով, որ այն լայն հնարավորություններ ունեցող երկիր է, որը կարող է լրջորեն փչացնել Մոսկվայի տրամադրությունները տարածաշրջանում, Սև ծովում, նեղուցներում և նույնիսկ Աբխազիայում: Այստեղ ռուսական դիվանագիտության առջև մեծ խնդիր է դրված. լուծել մարտավարական խնդիրները՝ միաժամանակ չփչացնելով Թուրքիայի հետ հարաբերությունները: Երկու ամբիցիոզ առաջնորդների ընդհարումը, ովքեր փորձում են առավելագույնս վերադարձնել իրենց արտաքին քաղաքական ազդեցությունը, ընդհանուր առմամբ հասկանալի է: Անհասկանալի է, թե ինչպես այն կարգավորել:
Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի հետագա զարգացման միտումները:
Կարծում եմ, որ այսօր Ռուսաստանը ելնում է այն բանից, որ Թուրքիայի ղեկավարության համար արտաքին քաղաքականությունը շատ ավելի կարևոր է տնտեսությունից: Տնտեսությունն այդ հարաբերություններց դուրս է մղվում, կվերանան նաև դաշնակցային հարաբերությունները, այդ թվում՝ ԻԼԻՊ դեմ պայքարում: Կմնա միայն ռազմական դիմակայությունը, ինչից բոլորն են վախենում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և առիթի դեպքում կարող է դիմել Բրյուսելին՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածն ակտիվացնելու գաղափարով: Ռուսաստանի համար իրավիճակը բարդացել է նաև սիրիական արշավի տեսակետից, քանի որ այսօր այն արդեն սև-սպիտակ պատկեր չի ներկայացնում: Թուրքիայի մոտ նույն իրավիճակն է, քանի որ Ռուսաստանն արդեն թույլ չի տա վերջինիս իրականացնել Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գաղափարը: Այդ պատճառով, Մոսկվային և Անկարային երկարատև դիվանագիտական գործընթաց է սպասվում, ինչը կարող է խափանվել միայն հերթական ռազմաքաղաքական մանյովրի հետևանքով: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, քանի որ հակառակ դեպքում հետևանքներն անկանխատեսելի կլինեն:
Տպավորություն է ստեղծվում , որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և Թուրքիայի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ պարտադրված են՝ ի շահ երրորդ ուժի…
Ես այդպես չեմ մտածում: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա անում են Թուրքիայի ներքին ուժերը՝ Էրդողանին վնասելու նպատակով: Սակայն, դատելով վերջին շրջանում Էրդողանի պահվածքից, Թուրքիայում հազիվ թե կա որևէ մեկը, ով կարող է ազդել նրա որոշման վրա: Ամերիկացիներն իրենց հերթին վաղուց կորցրել են Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունը, եվրոպացիներն ընդհանրապես փորձում են հնարավորինս հեռու մնալ նրանից: Եվ այսօր այն, ինչի վերածվել է Թուրքիան, իրականում անընդունելի է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար: Թե ինչպես են վերջիններս շտկելու իրավիճակը, անկեղծ ասած, չեմ պատկերացնում: Ամերիկյան քաղաքականությունն ընդհանրապես սահմանափակվում է Թուրքիային գործողությունների լիակատար ազատություն տալով՝ թուրքական օդակայանները և նեղուցներն օգտագործելու պայմանով:
Այլ կերպ ասած՝ կարծում եք, որ Թուրքիային զսպելու քաղաքականությունն անցյալու՞մ է մնացել:
Կարծում եմ՝ այո: Որոշ իմաստով դա ամերիկյան քաղաքականության ձախողումն էր Թուրքիայի առնչությամբ: Տարածաշրջանում ԱՄՆ առանցքային դաշնակիցը մնալով՝ Թուրքիան արդեն հուսալի և լոյալ դաշնակից չէ: Եվ այսօր ամերիկացիները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն տարածաշրջանում վերջինիս փոխարինող գտնել:
ՙՍպրավեդլիվայա Ռոսիայի՚ առաջնորդ Սերգեյ Միրոնովը Պետդումա է մտցրել Հայոց ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացի հեռանկարները՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական երկար գործընթացի լույսի ներքո:
Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց, կարծում եմ, Հայոց ցեղասպանությունից Հայաստանի կառչելը գլոբալ առումով կապում է հայ ժողովրդի ձեռքերը: Պատմական արդարությունը, իհարկել կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է նաև հայության ներկայիս շահերի նկատմամբ արդարությունը: Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, բայց դրա ճանաչումը չպետք է մի ամբողջ երկրի և հսկայական սփյուռքի արտաքին քաղաքական գլխավոր նպատակը դառնա: Հայաստանի նմանօրինակ քաղաքականությունը համարում եմ ճանապարհ դեպի անհայտություն՝ հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինի գլխավոր նպատակը պետք է երկրի և սփյուռքի բարգավաճումը հանդիսանա: Իրենց ժամանակակից քաղաքականությունը պատմությամբ արդարացնող հայ քաղաքական գործիչները պետք է հրաժարական տան և պատմություն դասավանդեն համալսարանում:
Այսինքն՝ Դուք համաձա՞յն եք, որ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ օրինագծի հայտնվելը ՌԴ Պետդումայում Թուրքիայի հետ դիմակայությունում գործիքներից մեկն է:
Անշուշտ: Ռուսաստանն ակտիվորեն կաշխատի Հայաստանի և Թուրքիայի այլ թշնամիների հետ՝ հակաթուրքական կոալիցիա ստեղծելու նպատակով: Ռուսաստանն ամեն կերպ կխոչընդոտի Սիրիայում թուրքական ազդեցության ընդլայնմանը: Եվ, հավանաբար, կսկսի լրջորեն ջուրը պղտորել՝ քրդերի հետ կապված, ըստ որում՝ ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Սիրիայում, հնարավոր է, նույնիսկ Իրանում: Ռուսաստանը նաև Բաշար Ասադին աջակցելու լրացուցիչ դրդապատճառ ձեռք բերեց: Այդ պատճառով, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու թուրքերը ռուսական ռմբարկուի ոչնչացման այդ քայլին գնացին: Նման կտրուկ քայլն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր Թուրքիայի նախագահի՝ իր տղամարդկությունը ցույց տալու քաղաքական անհրաժեշտությամբ: Ըստ էության, իր նպատակին Էրդողանն արդեն հասել է, սակայն արտաքին քաղաքականության տեսակետից ռուսական ռմբարկուի խոցումը միանշանակ լուրջ և երկարաժամկետ վնաս է հասցրել թուրքական արտաքին քաղաքականությանը: Պարզապես դա առայժմ այնքան էլ տեսանելի չէ:
Մոսկվայի համար ղարաբաղյան հակամարտության ապասառեցումը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, երբ նա դրանից ինչ-որ բան ստանա: Մինչդեռ այսօր վերջինս այդ ապասառեցումից ոչինչ չի ստանա, բացի իր հարևանությամբ ևս մեկ թեժ կետի ձեռքբերումը: Այդ պատճառով այսօր Մոսկվան շահագրգռված է Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացմամբ և դրա սառեցված վիճակի պահպանմամբ, ինչպես Մոլդովայում և Դոնբասում:
Բայց, վնասակարությունից բացի, կա նաև
ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարը…
Այսօր Հայաստանը՝ որպես երկիր, որտեղ կա 102-րդ ռուսական ռազմակայան, շատ ավելի կարևոր է Մոսկվայի համար, քան Ադրբեջանը ԵՏՄ կազմում: Միգուցե դեռ մեկ ամիս առաջ իրավիճակն այլ էր, սակայն ռազմաքաղաքական գերակայություններն առաջիկա տարիներին կգերիշխեն Հարավային Կովկասում՝ հաշվի առնելով վերջինիս հարևանությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ մերձարևելյան տարածաշրջանի հետ: Եվ խոցված ռուսական ինքնաթիռն, անշուշտ, զգալի դեր է խաղացել դրանում: Կարծում եմ՝ Ռուսաստանն այժմ կգնա 102-րդ ռազմակայանի էլ ավելի ուժեղացման և կդիմի այլ երկրների՝ նոր ռազմակայաններ բացելու խնդրանքով: Եվ այստեղ պետք չէ մոլորության մեջ ընկնել, քանի որ Ռուսաստանի նախագահի համար արտաքին քաղաքական ամբիցիաները ոչ պակաս կարևոր են, քան նրա թուրք գործընկերոջ համար: Ի դեպ, դա Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի պատճառներից մեկն է: Բայց Ռուսաստանն, այնուամենայնիվ, ավելի շատ ռեսուրսներ ունի, իսկ վերջինիս ղեկավարն՝ ավելի մեծ քաղաքական կամք: