ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության
գլխամասային գրասենյակում հյուրընկալվել են արտերկրից ժամանած 20-ից 30 տարեկան
հայ երիտասարդ կամավորներ, ովքեր պատրաստակամ են մասնագիտական հմտությունները
Հայաստանի մարզերում կիրառելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ
Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ընկերության գործունեության գլխավոր
գործառույթների, հիմնարար արժեքների, ինչպես նաև որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության
քաղաքականությանը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է «Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ
կամավորներին և ողջունել սեփական արմատները ճանաչելու նրանց ձգտումը, նշելով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ում
չափազանց կարևորվում և քաջալերվում է սփյուռքահայ երիտասարդների՝ հայրենիքը
բացահայտելու ցանկությունը: Այստեղ, սակայն, առավելապես կարևորվում է այն
մոտեցումը, որ Հայաստանը լավագույնս ճանաչելու համար պետք է երկիրը դիտել ոչ թե
զբոսաշրջիկի աչքերով, այլ՝ հայրենիք այցելել ավելի կարևոր նպատակով. Հայաստանն
ընկալել որպես մի վայր, որտեղ կարելի է
ծավալել մասնագիտական գործունեություն կամ սոցիալական տարբեր թիրախային
խմբերին ուղղված ծրագրերին կամավորագրվելով` սեփական ավանդն ունենալ երկրի
զարգացման հարցում: Բացահայտել Հայաստանը՝ նշանակում է նրա մասնիկը դառնալ, զգալ
երկրի ոգին, անմիջական շփման միջոցով ծանոթանալ նրա բնակիչների հետ, ճանաչել նրանց
ապրելակերպն ու առօրյան: Կարևոր է նաև լավ հարաբերություններ հաստատել տարեկիցների
հետ և ստեղծել անձնական ու գործնական ամուր կապեր:
«Ողջունելի և խոստումնալից
է, որ կայացրել եք այս որոշումը և այցելել եք հայրենիք: Այժմ դուք մեր սիրելի
Հայաստանի դեսպաններն եք աշխարհում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ
Յիրիկյանը՝ ողջունելով ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Սիրիայից, Մեքսիկայից, Լիբանանից և
Կանադայից ժամանած հայ երիտասարդներին:
2004 թվականից ի վեր,
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է 32 երկրից
Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր
մարզերում: Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն այն գործոններից է,
որոնք հետաքրքրություն են առաջացրել սփյուռքահայ երիտասարդների մոտ` Հայաստան
գալու և տարբեր նախագծերի մասնակցելու հարցում:
«Որտեղ էլ որ լինեն
աշխարհով մեկ սփռված հայերը` պետք է կարևոր համարեն Հայաստանի տնտեսության
զարգացումը: Ուրիշ էլ ո՞վ պետք է հոգա երկրի տնտեսական առաջընթացի և բարօրության
մասին, եթե ոչ՝ մենք: Մենք բոլորս պետք է լինենք հաստատակամ, հետևողական և
աշխատասեր: Հարկավոր է միայն հիշել, որ աշխարհի ոչ մի երկիր զերծ չէ խնդիրներից:
Հաջողության են հասնում նրանք, ովքեր ձգտում են ստանալ շոշափելի արդյունք: Մենք
կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք լավատեսությամբ և մեր երկրի հանդեպ անձնական
ու կորպորատիվ պատասխանատվության զգացումով», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
Կամավորները կիսվել են
Հայաստանում ստացած իրենց տպավորություններով: Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպումն
անցել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ընգրկելով տարբեր թեմաների առնչվող հարցեր: Կազմակերպված
քննարկումն օգնել է երիտասարդներին առավել սպառիչ պատկերացում կազմել բիզնեսի
կառավարման և ղեկավարման սկզբունքերի մասին:
Նշենք,
որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է,
որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների
փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը,
հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում
կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր
զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն
իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական
պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ)
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր
ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100
միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի,
Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր
ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան
ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից
«ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: