2015 թվականի
հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճում ջրի մակարդակը գտնվել է ծովի մակերևույթից
1913 մետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով զիջում է նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի ցուցանիշին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է
ՀայՀիդրոմետծառայության Մետեորոլոգիայի կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
Ինչպես բազմաթիվ անգամ պահանջել են բնապահպանները, Սևանի
մակարդակի իջեցումը կարող է ունենալ բացասական հետևանքներ: «Դա ջրի թափանցիկության
նվազումն ու թթվածնի պակասումն է ջրում, լճի ջրի ջերմաստիճանի բարձրացումը, ինչի
հետևանքով էլ կարող է խախտվել Սևանի ողջ էկոհամակարգը»,-ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ
զրույցում նշել էր «Հանուն կայուն զարգացման» Ասոցիացիայի ղեկավար Կարինե
Դանիելյանը:
Հիշեցնենք,
որ 2014 թվականին կառավարության որոշմամբ Սևանա լճից ջրի բացթողումներն ավելացան,
առավելագույն ծավալը գերազանցելով 170 մլն.խոր.մետրով: Ըստ «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար
Ինգա Զարաֆյանի, լճի վրա իրականացվող նման ճնշումները էկոհամակարգի հետ կապված
լուրջ ռիսկեր են պարունակում: «Մինչդեռ, Սևանա լճի բացասական բալանսի
անթույլատրելիության մասին դրույթներն ընդգրկված են համապատասխան օրենքում, որն
ընդունվել է 2001 թվականին»,-ընդգծել է Զարաֆյանը ԱրմԻնֆո-ի հետ հունվարյան
զրույցում: