Անհասկանալի է, թե ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության տարածաշրջանային բաղադիչի հետ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո /խոսքը վերաբերում է Իրանի և Վրաստանի հետ ապրանքաշրջանառությանը/: Այդ մասին հայտարարել է Հայաստանի
երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը «Նոև Կովչեգում» հրապարակված հարցազրույցում:
Գնահատելով Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակը` երկրորդ նախագահը նշել է, թե ինքը մեր տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունի: «Ավելին, ի հայտ են եկել գլոբալ բնույթի նոր սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռ գնահատման կարիք ունի: Ինչպե՞ս կազդեն Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան ռուսական տնտեսությունը, որքա՞ն երկար կտևի դա, կավելանա՞ն պատժամիջոցները, թե՞ ոչ և այլն: Եվ ընդհանրապես, տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս հարցերի պատասխան-ները կամ չկան կամ կրում են ենթադրական բնույթ, իսկ դա նշանակում է, որ մենք բացասական սպասումների մեծ շրջան ենք մտել», - նշել է քաղաքական գործիչը:
Քոչարյանի կարծիքով, հանրապետության տնտեսության առողջացման, գործազրկության աճի դադարեցման և աշխատունակ բնակչության արտագաղթը կանխելու համար հարկավոր է առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը: «Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես՝ մանրի և միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման: Պետք է հստակ ազդակ տալ հասարակությանը, որ ցանկացած գործարար նախաձեռնություն ցանկալի է և օժանդակության կարժանանա, առանց հաշվի առնելու, թե ում շահերին է այն դիպչում: Ստեղծել այդպիսի օժանդակության արդյունավետ շուկայական մեխանիզմներ: Մի քանի տարով հեռավոր հետին պլան մղել անձնական շահերը, իսկ ավելի լավ է` մոռանալ դրանց մասին: Ցանկացած իշխանություն, որ կկարողանա դա անել, ուղղակի դատապարտված կլինի հաջողության: Իմիջիայլոց, ամենևին չէր խանգարի դադարեցնել աշխատանքային շաբաթվա կազմալուծումը բազմաթիվ մեռելոցներով և վերադառնալ նախկին ժամային գոտի: Անբնական է, որ օգոստոսին առավոտյան ժամը 6-ից արդեն լույս է, երեկոյան 8-ին `մութ, իսկ աշխատանքային օրն սկսվում է ժամը 9-ից: Սա երկրին պարտադրված ոչ թե արագացման, այլ արգելակման ապրելակարգ է», - ընդգծել է նա: