Կապան քաղաքում գործող 4 հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով կասեցնել «Գեղի գօլդ» ՍՊԸ լիցենզիաները։
Նամակի հեղինակները մտահոգություն են հայտնել Կապան մատակարարվող խմելու ջրի որակի առնչությամբ: «Գեղի գօլդ» ՍՊ ընկերությունը իրականացնում է հորատումներ, հողային աշխատանքներ և առաջիկայում նախատեսում է նույն վայրում կազմակերպել նաև հանքարդյունահանում և հանքաքարի վերամշակում: Աշխատանքները կատարվում են Կապան մատակարարվող խմելու ջրի ակունքներից բարձր հատվածներում («Գեղի գօլդ» ՍՊ ընկերությանը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տարածքը կազմում է 15400 հա), որը բնապահպանական և հանրության առողջության հետ կապված անվերահսկելի ռիսկեր է պարունակում», - ընդգծում են նամակի հեղինակները: Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ նրանք խնդրում են նախագահի միջնորդությունը՝ անհապաղ դադարեցնելու աշխատանքները և կասեցնելու ընկերությանը տրված լիցենզիաները: Նամակի ներքո ստորագրել են «Կայուն զարգացում»,«Մեղու»,«Մշակույթ և հասարակություն» և «Տիկնիկ» հասարակական կազմակերպությունները:
«Հետքի» տվյալներով, «Գեղի գօլդ» ՍՊԸ բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Ավելի վաղ «Գեղի գօլդը» Բնապահպանության նախարարություն հայտ էր ներկայացրել շրջակա միջավայրի վրա Ոսկեձորի լեռնահանքային համալիրի շահագործման ազդեցության նախնական գնահատման համար: Այդ հանքավայրի պաշարներն արդեն հաստատել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: ԲՆ ներկայացված նախագծի համաձայն, երկրաբանական ուսումնասիրման ենթակա տարածքը գտնվում է Սյունիքի մարզի Գեղի գետի վերին ավազանում` Կապան քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք: