Ռուսաստանը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը և իրականում Հայաստանի անվտանգության երաշխավոր չի հանդիսանում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Պատգամավորի կարծիքով, Եվրասիական միությունը Հայաստանի համար ճանապարհ է դեպի անհայտություն, և որևէ հեռանկար այդ կառույցը մեր երկրին չի խոստանում:
ՙՄենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, ինքնուրույն ֆինանսատնտեսական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը, քանի որ այսուհետ բոլոր որոշումներն ընդունվելու են վերազգային մարմնի`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՚,- նշել է Քոքոբելյանը:
Քաղաքական գործիչը գտնում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտում է Վրաստանի և Իրանի հետ տնտեսական համագործակցության զարգացմանը: Նա հիշեցրել է, որ ժամանակին ռուսական կողմը թույլ չի տվել Հայաստանին մեծացնել խողովակաշարի տրամագիծը, որով իրանական գազ է ստացվում Հայաստան:
Ռազմական անվտանգության տեսակետից, Քոքոբելյանի խոսքով, գործերն ավելի վատ են: ՙԸնթացիկ տարում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը որևէ քայլ չկատարեցին մեր երկրի անվտանգության ապահովման համար՚,- հայտարարել է պատգամավորը: