Մեծ Այրում գյուղի բնակիչները հանդես են գալիս Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման ծրագրերի դեմ: Այդ մասին հայտնել է համայնքի ավագանու անդամ Օլեգ Դուլգարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, նոր պոչամբարը գտնվելու է Մեծ Այրում և Ճոճկան գյուղական համայնքների հարևանությամբ`զբաղեցնելով 40 հա տարածք: Միաժամանակ դրա կառուցման համար նախատեսվում է փոխել հողերի կատեգորիան`գյուղատնտեսականից արդյունաբերականի: Դուլգարյանն ընդգծել է, որ գյուղերի բնակիչներն առանց այդ էլ արոտավայրերի և վարելահողերի պակաս են զգում:
Ըստ որում, նշվել է, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի`ներկայումս գործող Նահատակ պոչամբարի վիճակն առաջին տարին չէ, ինչ հարուցում է տեղի բնակիչների դժգոհությունը: ՙՄեծ Այրումի բնակիչները գանգատվում են իրենց առողջական վիճակի վատթարացումից: Բացի այդ, օբյեկտի պահպանության նորմերը չպահպանելու պատճառով բազմիցս ընտանի կենդանիներ են ընկել պոչամբարը՚,- պատմել է Դուլգարյանը:
Նրա խոսքով, Մեծ Այրումի բնակիչները հանդես են գալիս նոր պոչամբարի կառուցման դեմ: Այս տարի համայնքի ավագանու խորհուրդն արդեն երկու անգամ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան փոխելու հարցի շուրջ նիստ է անցկացրել: Հաջորդ քննարկումները նշանակված են փետրվարի 26-ին: ՙՏպավորություն է ստեղծվում, որ Մեծ Այրումի տեղական ինքնակառավարման մարմինները շահագրգռված են հարցի դրական լուծմամբ՚,- նշել է նա:
Դուլգարյանը նաև տեղեկացրել է, որ պոչամբարի նախագիծը բնապահպանաման փորձաքննության չի ներկայացվել: Հետևաբար`նախագծի շուրջ դեռ պետք է հանրային լսումներ անցկացվեն:
ՙՀայաստանի կանաչների միության՚ ղեկավար Հակոբ Սանասարյանն իր հերթին նշել է, որ դեռ 2002 թ. Նահատակ պոչամբարում 2.5 մլն տոննա պոչ կար: Ինչպես նշվել է, 12 գյուղ գտնվում է պոչամբարից 2.5-8 կմ հեռավորութան վրա, ինչն աղտոտման վտանգի տակ է դնում իրենց վարելահողերն ու արոտավայրերը:
Փորձագետը հիշեցրել է, որ պոչամբարները պարունակում են մարդու առողջության համար վտանգավոր այնպիսի տարրեր, ինչպես`սելենը, բիսմութը, կադմիումը, որոնք կարող ենք առաջացնել տեսողության և լսողության վատացում, թոքերի և նյարդային համակարգի հիվանդություններ:
Նշենք, որ 2014 թ. ամռանը կոմբինատի նոր սեփականատեր է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն, ներկայում ԶՊՄԿ Խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը: Նախկինում Ախթալայի ԼՀԿ պատկանում էր ՙՄեթլ Փրինս ԷլԹիԴի՚-ին, որը գրանցվել էր բրիտանական Նևիս կղզում և Հայաստանում գործունեությունն սկսել էր 2000 թվականին: