Մենք դասեր չենք քաղել 1988 թ. Սպիտակի երկրաշարժից, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:
Փորձագետը բացասական գնահատական է տվել Երևանի կենտրոնի կառուցապատմանը, հատկապես այն փաստին, որ որոշ բազմահարկ շենքեր կառուցվում են դպրոցների անմիջական հարևանությամբ: ՙՄենք շատ արագ մոռացանք Սպիտակի երկրաշարժը: Այժմ Երևանի կենտրոնում ավելի վտանգավոր պայմաններ են ստեղծված, քան ժամանակին Լենինականում`ներկայիս Գյումրիում՚,- նշել է նա:
Մինասյանը նշել է, որ մայրաքաղաքում բարձրահարկ շենքեր են կառուցվում բնակելի շենքերի բակում, ինչը ևս անթույլատրելի է: ՙՀողատարածք գնելով`սեփականատերը կարծում է, թե իրավունք ունի անել այն ամենը, ինչ ցանկանում է՚,- նշել է նա: Որպես օրինակ`Մինասյանը նշել է Կոմիտաս-5 և Սայաթ Նովա-12 հասցեներում բազմահարկ շենքեր կառուցելու`հասարակական լայն արձագանք գտած նախագծերը:
Մինասյանի խոսքով, գործող օրենքների պահպանումը լիովին կարող էր լուծել գոյություն ունեցող խնդիրները, սակայն ստացվում է, որ գործնականում դրանք բոլորի վրա չեն տարածվում, ինչի մասին է վկայում Ծածկած շուկայի շուրջ սկանդալը: Չնայած ճարտարապետների, հասարակական գործիչների և ակտիվիստների բողոքներին`Ծածկած շուկան վերածվել է սովորական սուպերմարկետի: