Ի տարբերություն Լեհաստանի, Ուկրաինայի հակամարտությունում հմուտ միջնորդության շնորհիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին:
ՙԻ սկզբանե Կիևում Լուկաշենկոյին դիտարկել են որպես անայլընտրանքային միջնորդ, ով կարող է հնարավոր դարձնել Մոսկվայի հետ երկխոսությունը: Մոսկվայում իրենց հերթին նույնպես գիտակվել են վերջինիս միջնորդության անայլընտրանքայնությունը`հաշվի առնելով Ռուսաստանի համոզմունքը, որ Արևմուտքի երկրների մեծ մասը համակրում է Կիևին: Լուկաշենկոն, խաղալով մի քանի ճակատում, հմտորեն օգտագործել է այդ իրավիճակը, ըստ որում`ոչ առաջին անգամ: Շնորհիվ դրա, Բելառուսի առաջնորդը, ով մինչ օրս դրականորեն չէր ընկալվում թե’ Ռուսաստանում, թե’ Արևմուտքում, զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը միջազգային ասպարեզում: Եվ դա այն պայմաններում, երբ բոլորովին վերջերս Կրեմլը հսկայական միջոներ է ուղղել Լուկաշենկոյին իշխանությունից հեռացնելու արշավի նպատակով՚,- նշել է նա:
Պիսկորսկին գտնում է, որ Ուկրաինայում արյունահեղության մասշտաբները թեկուզ ինչ-որ կերպ նվազեցնող միակ համաձայնագիրը Մինսկի համաձայնագիրն էր, ինչը գնահատվում է որպես Լուկաշենկոյի հաջողությունը: Ըստ նրա, Բելառուսի նախագահը կշարունակի պահպանել այդ ուղղությունը`ըստ էության, ուկրաինական ճգնաժամում միակ միջնորդը մնալու նպատակով: Քաղաքագետը գտնում է, որ Լեհաստանը բազմիցս իր հակառուսական հայտարարություններով բաց է թողել միջնորդության շանսը: Եվ այսօր ԵՄ գլխավոր երկիր Գերմանիայում վստահ են, որ Վարշավան այլևս չպետք է զբաղվի արևելյան քաղաքականությամբ: ՙՊատճառը որքան հնարավոր է շատ Ռուսաստանի շահերին վնասելու Լեհաստանի ձգտումն է`անտեսելով առաջադրված նպատակները, ինչն Ուկրաինայի դեպքում խաղաղության ձեռքբերումն է ՚,- ամփոփել է Պիսկորսկին: