Եվրասիական
տնտեսական միության անդամներն ավելի սակավաթիվ են Եվրամիության համեմատ, հետևաբար,
ԵԱՏՄ առանձին երկրների բանակցային դիրքերն ավելի հաստատուն են և շահավետ, քան
ԵՄ-ում: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՄՄՀՊԻ Կովկասի խնդիրների և
տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:
Փորձագետը նշել է, որ ԵԱՏՄ այսօրվա դրությամբ դեռ
ձևավորվում է, ի տարբերություն կայացած Եվրամիության, և եվրասիական ինտեգրման
կառույցին անդամակցելու մտադրություն ունեցող երկրներն իրենց համար շահավետ
պայմաններով անդամակցության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: Դա չէր
կարելի ասել, օրինակ, Արևելյան գործընկերության ծրագրի մասին, որի շրջանակում նախատեսվում
էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում: «Եվրամիությունը սահմանում էր
որոշակի շրջանակներ, պայմաններ: Իսկ Եվրասիական միությունը ենթադրում է
համագործակցության փոխընդունելի պայմանների համատեղ մշակում», - կարծում է Սիլաևը:
Անդրադառնալով
ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությանն` առկա ֆինանսատնտեսական դժվարությունների
համատեքստում, որոնց առջև հայտնվել են թե Երևանը, թե Մոսկվան, Սիլաևն ընդգծել է,
որ այսօրվա դժվարությունները ժամանակավոր բնույթի են, մինչդեռ եվրասիական
տարածքում ինտեգրման գործընթացների հեռանկարները հաշվարկված են տասնամյակների
համար: «Ես տեսնում եմ, որ Ռուսսատանի քաղաքական և տնտեսական ղեկավարությունը
կայացնում է առկա ճգնաժամի հաղթահարմանը նպատակաուղղվծա համարձակ որոշումներ: Նաև
կարծում եմ, որ այդ ճգնաժամը պայմանավորված է ոչ այնքան միջազգային ասպարեզում
առկա իրավիճակով, Արևմուտքի հետ բարդ հարաբերություններով, որքան` 2009-2010
թվականներին, այսինքն, համաշխարհային ճգնաժամից հետո մեր կայացրած սխալ
որոշումներով», - նշել է Սիլաևը: