Ի թիվս աշխարհի շատ երկրների՝ Հայաստանում էլ վերջին տասնամյակներում պետական մակարդակով սկսել են ուշադրության կենտրոնում պահել խոզանի այրման հետևանքով առաջացած խնդիրը:
Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, դաշտի այրման վնասակար ազդեցություններից մեկն այն է, որ կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերեւույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետեւանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու եւ ջրի էրոզիայի: Նրա խոսքով հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը , այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական եւ հանքային զանգվածը, այլ նաև բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր:
Նման հետևանքներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ տվեց օգտվել նորագույն տեխնոլոգիաներից, որոնք հողամշակման ընթացքում խոզանը ավարում են հողի մեջ: «Նման պրակտիկա կիրառվում է Շիրակի մարզում», - նշեց նա: Գլխավոր անտառապետը նաև հատուկ ուշադրություն բևեռեց խոզանի այրման հետևանքով առաջացած անտառային հրդեհների վրա, որոնք բնականաբար մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: «Այս տարի արդեն այրվել է 67 հա անտառ նախորդ տարվա 57-ի դիմաց»,- ընդգծեց նա, ավելացնելով «Հայանտառ» ՊՕԱԿ-ում հրդեհներից խուսափելու կամ լոկալացնելու նպատակով արդեն ստեղծվել են արագ արձագանքման խմբեր:
Կարևորելով լրագրողների ներգրավվածությունը բնապահպանական ծրագրերին հանրային հարթակներում, Պետրոսյանը հատուկ ընդգծեց խոզանի այրման հետևանքների մասին իրազեկման մակարդակի բարձրացման նշանակությունը , որպես օրինակ բերելով «Սերունդների երկխոսություն» ՀԿ-ի կողմից վերջերս իրականացրած «Հանրային իրազեկում» ծրագիրը, որը իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Ըստ նրա նման ծրագրերը պետք է լինեն ավելի մաշտաբային և շարունակական:
Իր հերթին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ խոտածածկ տարածքներում հրդեհները մեծ վնաս են հասցնում պետությանը: «Այս տարի խոտածածկ տարածքներում հրդեհներ թիվը եղել է աննախադեպ ` 4134, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան անցյալ տարի: Ընդհանուր վնասը կազմել է 707 մլն. դրամ», - ընդգծեց նա: Ըստ Խանգելդյանի հրդեհների հետևանքեվ զոհվել է 23 մարդ, եղել են 30-ից ավել վիրավորներ:
Նշենք, որ «Հանրային իրազեկում» ծրագիրը իրականացվում է «Սերունդների երկխոսություն» ՀԿ-ի կողմից, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում ՀԿ անդամները խոզանի այրման վնասների հետևանքների մասին դասախոսություններով հանդես են եկել Գիլի, Մեղրաձորի և Արջատխլենիի հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքներում: