Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հայկական
կողմի հրաժարվելը կարող էր հանգեցնել Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության
ճնշումների: Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է թուրքագետ
Հակոբ Չաքրյանը:
Նրա ասելով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ
Նալբանդյանի մասնակցությունը դրական դիվանագիտական քայլ է, որը չի վնասում երկրի
հեղինակությանը: «ԱՄՆ և Եվրամիությունը պաշտոնական Անկարային մշտական ճնշման են
ենթարկում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, և եթե հայկական կողմը մերժեր
հրավերը, որն առաջինն է, ապա քննադատության ալիքը կուղղվեր Երևանին», - նկատել է
փորձագետը: Նա նաև ընդգծել է, որ հայկական կողմը չէր կարող ներկայանալ
արտգործնախարարից ավելի ցածր մակարդակով, քանի որ դա կարող էր հանգեցնել
պատվիրակության մեկուսացման: «Նման հանդիպումների ժամանակ նախարարները, որպես
կանոն, կարճատև քննարկում են արդիական հարցեր, և եթե հայկական կողմը ներկայացներ
փոխնարար կամ որևէ վարչության ղեկավար, ապա կզրկվեր ինչպես ուշադրությունից, այնպես
էլ որոշ հարցերի լուծումից», - նշել է նա:
Չաքրյանի նաև քիչ հավանական է համարում պաշտոնական
հրավերի հանձնումը Թուրքիայի նախագահին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին
նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: «Երդմնակալության արարողակարգը դա
թույլ չի տալիս, սակայն նման հնարավորույթունը չի կարելի բացառել», - հայտարարել է
նա: Փորձագետն ընդսմին բացառել է Թուրքիայի պատվիրակության մասնակցությունն այդ
միջոցառումներին: «Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Անկարան հրաժարվի Հայոց
ցեղասպանությունը ժխտելու իր քաղաքականությունից», - նշել է թուրքագետը:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը
կկայանա օգոստոսի 28-ին: Արարողությանը հրավիրված են 22 երկրների ղեկավարներ և
պաշտոնական այրեր, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային
կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ և ղեկավարներ: