Թուրքիայի պաշտոնական անձինք
մեծ ակնկալիքներ չունեն Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան
կատարելիք այցից: Այդ մասին գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:
Պարբերականը
միևնույն ժամանակ նշում է, որ Անկարան, ամեն դեպքում, այցը կհամարի բեկումնային,
քանի որ այն առաջինն է երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի փաստացի
ձախողումից հետո: Թուրքիայի պաշտոնական անձինք նշում են, որ առայժմ պարզ չէ, թե
արդյոք ՍՏՀԿ խորհրդի նիստի շրջանակում կկայանա Թուրքիայի և Հայաստանի
արտգործնախարարների հանդիպում: «Մենք այնտեղ ինչ-որ որոշակի առաջարկությամբ չենք
մեկնում», - նշել է բարձրաստիճան թուրք դիվանագետը` անդրադառնալով Հայաստանի հետ սահմանը բացելու
առաջարկության վերաբերյալ թուրքական ԶԼՄ-ների վերջին հրապարակումներին: «Բացի այդ,
նման առաջարկությունը կլիներ անլուրջ և ոչ ճիշտ: Սակայն, եթե կայանա երկկողմ
հանդիպում, մենք կներկայացնենք տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականը`
ներառյալ մեր երկկողմ հարաբերությունների կարգավորումը: Այն ժամանակ կարող են
ներկայացվել քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել այդ ուղղությամբ», - հայտարարել է
դիվանագետը` իր անունը չհրապարակելու պայմանով: Նա ընդսմին ավելացրել է, որ
Դավութօղլուն մտադիր չէ այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
«Նախարարը Երևան է մեկնում ՍՏՀԿ հանդիպման շրջանակում: Հուշահամալիրի այցելություն
նրա օրակարգում չկա», - նշել է դիվանագետը:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի արտգործնախարարը Երևան է կժամանի դեկտեմբերի 12-ին` մասնակցելու ՍՏՀԿ
խորհրդի նիստին: