Այս ամենից հետո զենքի վաճառքն անբարոյականություն է, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն այսօր հայտարարել էր, որ Ռուսաստանը, համաձայն պայմանագրերի, կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ որպես իր ռազմավարական գործընկերոջ:
Հիշեցնենք, որ 2015թ. սկզբին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը ավարտում է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարումները։ Ավելի վաղ «Ռոսոբորոնէքսպորտը՚ հայտնել էր, որ 2017 թվականին ՌԴ-ն կավարտի սպառազինությունների և տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումները՝ 2010 թ. կնքված համաձայնագրերի համաձայն:
ԶԼՄ-ների տվյալներով, խոսքն այդ թվում երեք գումարտակ Տ-90Ս տանկերի և երեք գումարտակ ՀՄՄ-3 մեքենաների, ինքնագնաց հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ծանր կրականետային համակարգերի մասին է։ Բացի այդ, Ադրբեջանը գնել է նաև վերանորոգման, տարհանման և ինժեներական մեքենաներ:
Տանկերը գնվում են տվյալ պահին առավել առաջադեմ սերիական համակարգով, որը ներառում է «Շտորա՚ օպտիկա-էլեկտրոնային ճնշման համակարգի նոր մոդիֆիկացիաներ, օդորակիչ և թիրախին նշանառության ավտոմատ համակարգ:
Փորձագետները նշել են, որ պայմանագրերի այդ փաթեթի արժեքը կազմել է մինչև
1 մլրդ դոլար։
Բաց աղբյուրների տվյալներով, 2010 թվականին պայմանագիր է կնքվել Ադրբեջանին Մի-35Մ 24 ուղղաթիռ մատակարարելու մասին։
Մինչդեռ նախօրեին Բեռլինում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ դժգոհություն էր հայտնել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, Երևանն այդ գործընթացի վրա ազդելու քիչ հնարավորություններ ունի: ՙՌուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց մենք բացահայտ ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն՚,- ընդգծել է Սարգսյանը: