2013 թվականի դեկտեմբերի 10-ին մարվեց եւ շրջանառություն մտավ Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:Մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, ՙԱրմենՏել՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
1913 թվականին Երևանում շահագործման հանձնվեց 200 հեռախոսային համարների կարողությամբ առաջին հեռախոսակայանը, որից օգտվում էր 71 բաժանորդ: 1914 թվականին ստեղծվեցին նաև Ալեքսանդրապոլ-Երևան և Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը: Այդ համակարգը պահպանվեց մինչև 1920 թվականը: Հայաստանի հեռախոսային կապը զարգացավ հատկապես հետպատերազմական տարիներին: 1948 թվականին շահագործման հանձվեց 6 հազար հեռախոսային համար ունեցող առաջին ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ):
Նամականիշի վրա պատկերված են 30-ական թթ. օգտագործվող հեռախոս, ՙTelefonegyar R.T. Budapest՚ հեռախոս և 80-ական թվականներին օգտագործվող հեռախոս հեռախոսասյուների և հեռախոսային լարերի մոնտաժողի խորապատկերին: Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն են տրամադրել ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն, Երևան քաղաքի պատմության թանգարանը և Կապի թանգարանը:
ՙՈւրախ եմ ներկա գտնվել Երևանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման այս հանդիսավոր արարողությանը։ Հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի կապի ավանդույթների զարգացման իրավահաջորդը և կանգնած է պատմության ակունքներում։ ՙԱրմենՏել՚ ընկերության գործունեության շնորհիվ այսօր ոչ միայն Երևանի քաղաքային հեռախոսակապը, այլ նաև Հայաստանի ողջ լարային ենթակառուցվածքը համապատասխանում է ամենա ժամանակակից չափանիշներին։ Մենք կշարունակենք պատվով կրել Կապավորի բարձր կոչումը և կուրախացնենք մեր բաժանորդներին նորանոր ձեռքբերումներով՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։