ՙԱզատագրենք հուշարձանն օլիգարխից՚ հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիմնավորվում է ՙԾածկած շուկա՚ հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Շարժման կողմից ուղարկված հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշված է, որ հայտարարությունից հետո անցած երկու օրվա ընթացքում նախաձեռնող խումբը տվել է մամուլի երկու ասուլիս և զանգվածային լրատվամիջոցների միջոցով հասարակությանն ու պատկան մարմիններին տեղյակ է պահել շարժման մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ պատկան մարմինները ինչպես անցյալում, այնպես էլ շարժման մասին հայտարարելուց հետո բարբարոսությունը կասեցնելու որևէ քայլ չձեռնարկեցին: Նշվում է, որ պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով շարժումը ս.թ. օգոստոսի 31-ի ժամը 14.00- ից սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:
Միևնույն ժամանակ` նախաձեռնող խումբը, աչքի առաջ ունենալով հուշարձանի սեփականատեր օլիգարխի կողմից օրենքը և պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, մտավախություն ունի, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ: Հետևաբար, ՙվերոհիշյալի հաշվառմամբ` Ոստիկանությունից պահանջում ենք ապահովել ՙԱզատագրենք հուշարձանն օլիգարխից՚ հասարակական շարժման ակցիաների մասնակիցների անվտանգությունը՚,-ասված է հայտարարության մեջ: