ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հուսով է, որ Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո կառույցին վերաբերող տեղեկատվությունն ավելի շատ կլինի: Այդ մասին Ուրիխանյանը հայտարարել է այսօր մամլո ասուլիսի ժամանակ:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ԲՀԿ-ն ՄՄ-ն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում չի դիտարկում և այդ միութունը Հայաստանի իշխանությունների ձեռքբերումը չի համարում: ՙՄաքսային միությունը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ձեռքբերումն է՚,- նշել է նա: Ըստ որում, Ուրիխանյանը դժվարացել է նշել Հայաստանի իշխանությունների ձեռքբերումները 2013 թ. ընթացքում: ՙԹեև իշխանությունները չեն գիտակցում, սակայն ձեռքբերում էր այն գիտակցությունը, որ ի հակակշիռ նրանց լուրջ ուժ է կանգնած` ի դեմս ակտիվ և գիտակից քաղաքացու՚,- նշել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, ժամանակը չի բավականացնի կառավարող ռեժիմի բացթողումները թվարկելու համար, քանի որ դրանք ավելի քան շատ են: ՙԱմենաակնհայտ բացթողումներից մեկը երկրի սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակն է, ինչն ինչ-որ չափով պայթյունավտանգ է՚,- նշել է քաղաքական գործիչը: Այս համատեքստում նա նշել է, որ ի տարբերություն կառավարող կուսակցության, ոչ իշխանական ուժերն ունեն քաղաքացիական աջակցություն, և նրանց միջև համագործակցությունը կարող է որոշակի արդյունքների հանգեցնել: ՙԻշխանություններն ստիպված կլինեն կամ հաշվի նստել քաղաքացիների կարծիքի հետ, կամ վերջիններն իրենց գնահատականը կտան ընտրությունների կամ այլ ճանապարհով՚,- ասել է Ուրիխանյանը: Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է իր քաղաքական ուղեգիծը և պայքարելու է Հայաստանի քաղաքացու արժանապատիվ կյանքի համար: