Եթե վերջին շաբաթվա ընթացքում ֆորս-մաժորային իրավիճակ չծագի, Վիլնյուսում Ուկրաինայի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման շանսերը հավասար կլինեն զրոյի: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և անդրատլանտյան հետազոտությունների կենտրոնի (Ուկրաինա) նախագահ Ալեքսեյ Կոլոմիեցը:
ՙԱռաջին հայացքից նման տարօրինակ իրավիճակի ձևավորման համար մեղավոր են ԵՄ անդամ երկրները և ԵՄ ինստիտուտները: Ես նրանց մեղքի հիմնական գործոն եմ համարում Յանուկովիչի վարչակազմի նկատմամբ եվրոպացիների չափազանց մեղմ վերաբերմունքը՚, - նշել է փորձագետը:
2010 թվականից ՙԱրևելյան գործընկերության՚ 6 երկրներից 4-ը` Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, և ԵՄ բանակցություններ են վարում ասոցացման համաձայնագրի և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքման շուրջ, որոնք նախատեսվում է ավարտել 2013 թվականի նոյեմբերին` մինչև Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը: Ռուսաստանը բոլոր ուժերով փորձում է կանխել այդ երկրների ասոցացումը, փորձելով նրանց ներգրավել մասնակցության իր եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին:
Մեկնաբանելով գազի դիմաց ողջ պարտքը մարելու ուկրաինական ՙՆավթոգազին՚ հասցեագրված ՙԳազպրոմի՚ պահանջը` Կոլոմիեցը, նշելով իրավիճակի չափազանց խճճված լինելը, կարծիք է հայտնել, որ Կիևն, ընդհանրապես, ոչ մի գրիվնա չի վճարել վերջին մի քանի ամիսներին: Նրա ասելով, Ուկրաինայում կառավարող Դոնեցկի կլանը փող չունի, իսկ երկիրն աստիճանաբար մոտենում է իրական դեֆոլտի: ՙՈրպես արդյունք` իշխանությունները հայտնվել են խուճապի և հիստերիայի վիճակում: Մոսկվայում դա հասկացել են և, որպես արդյունք, պահանջել են անմիջապես վճարել գազի դիմաց պարտքը: Այժմ սկսվում է ամենավտանգավորը. դա գազափոխադրման համակարգի ճակատագիրն է՚, - կարծում է ուկրաինացի փորձագետը:
Նրա կարծիքով, Վիկտոր Յանուկովիչը Վլադիմիր Պուտինի հետ կիրակի Սոչիում կայացած հանդիպմանը, որի մասին նա երկար էր խնդրում, այժմ միայն մեկ բան է խնդրել` փող: Սակայն Պուտինը կոշտ ձևով մերժել է: Թե ինչի մասին են խոսել նախագահները` հայտնի չէ, հաշվի առնելով գաղտնիության խիստ մակարդակը: Սակայն, Կոլոմիեցի կանխատեսումներով, նախագահները կարող էին պայմանավորվել միայն երկու կետի շուրջ. Ուկրաինայի գազափոխադրման համակարգերի տնօրինման և Ղրիմին առնչվող հարցերի շուրջ:
ՙԻմ գնահատականների հիման վրա, որոնք հիմնված են Յանուկովիչի և նրա շրջապատի վարքագծի վրա, գրեթե կասկած չկա, որ Սոչիում ստորագրվել է ինչ-որ գաղտնի փաստաթուղթ: Մեր ընդդիմությունն անջատված վիճակում է, և ավելի լավ կլիներ, այն ընդհանրապես գոյություն չունենար: Ըստ երևույթին, միայն այժմ Ռուսաստանը կսկսի իրապես գործել: Շատ իրատեսական է գազի մատակարարումների դադարեցումը: Եթե, իհարկե, դա Յանուկովիչի և Պուտինի ընդհանուր ծրագիրը չէր՚, - ամփոփել է ուկրաինացի փորձագետը: