Կալիֆորնիայի Սենատի
կողմից ընդունված` «Լեռնային
Ղարաբաղի ճանաչման
մասին» բանաձևը
ղարաբաղա-ադրբեջանական զորքերի
շփման գծի վրայի լարվածության արդյունքն
էր: Այս մասին այսօր
Երևանում կայացած
մամուլի ասուլիսում
հայտարարել է Միջազգային անվտանգության հայկական
ինստիտուտի տնօրեն
Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ օգոստոսի 28-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը
ձայների մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության
ճանաչման վերաբերյալ AJR 32 բանաձևը: Բանաձևում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է
արվում ճանաչել ու աջակցել ԼՂՀ-ին:
Ըստ Սաֆարյանի, Բաքում շտապեց ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հարցում, քանի որ գտնում էր, որ ներկայումս Հայաստանն ավելի թույլ
վիճակում է, քան կգտնվի ապագայում: «Ադրբեջանի իշխանությունները քաջ գիտակցում են,
որ Եվրասիական տնտեսական միությանը միանալով Հայաստանը ձեռք է բերոմ լրացուցիչ
պաշտպանվածություն, հատկապես եթե հաշվի առնենք, որ աստիճանաբար կարգավորվում են նաև
հարաբերություններն Արևմուտքի հետ»,-նշել է փորձագետը: Նա նաև հավելել է, որ
Բաքուն ճիշտ չընկալեց Մոսկվայից եկող ազդանշանները, ռուս-ադրբեջանական խոշոր
գործարքներն ընկալելով որպես հայ-ռուսական հարաբերությունների փչացման ինդիկատոր:
«Իսկ այդ բանաձևն ապտակ էր Բաքվին, որն Արևմուտքի առջև դուրս եկավ թուլատրվածի
սահմաններից, սկսելով առաջ քաշել վերջնագրեր»,-նկատել է նա:
Սաֆարյանն ընդգծել է նաև, որ Բաքվում նույնպես հիվանդագին են
ընդունում Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների հնարավոր ջերմացումը, ինչի
համար առիթ է հանդիսանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը
Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
«Ադրբեջանական հասարակությունն անհանգստացած է այդ այցի կապակցությամբ, ու
պատահական չէ, որ Թուրքիայի նորընտիր
նախագահ Էրդողանի առաջին այցը տեղի կունենա հատկապես Բաքու, փորձելով Ադրբեջանին
ցույց տալ իր բարեկամական վերաբերմունքը»,-ընդգծել է Սաֆարյանը:
ՀՀ ԱԳՆ ղոկավար Էդվարդ
Նալբանդյանը օգոստոսի 28-ին մասնակցել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեբ
Էրդողանի երդմնակալությանը, որին մասնակցել են նաև մի քանի տասնյակ երկրների
բարձրաստիճան պաշտոնյաներ: Տոնական ընդունելության ընթացքում կարճ խոսակցություն է
տեղի ունեցել թուրք նախագահի և Նալբանդյանի միջև, որի ընթացքում հայ նախարարն
Էրդողանին է հանձնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված
միջոցառոմներին մասնակցելու վերաբերյալ ՀՀ նախագահի պաշտոնական հրավերը: