Ամերիա ընկերությունների խումբը բարեգործական աճուրդի և մասնավոր նվիրատվությունների միջոցով 3 տարում ֆինանսավորել է 50 երեխաների բուժումը: Անհրաժեշտ միջոցները հավաքելու նպատակով անց են կացվել բազմաթիվ աճուրդներ: 2012 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած 3-րդ աճուրդի արդյունքներն այսօր կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել է Ամերիա ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Նա նշել է, որ միայն 2012 թվականին նյութական օգնություն է ցուցաբերվել 22 երեխայի, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է օգնել 17 ևս երեխայի: 2012 թվականի աճուրդից մինչ օրս հաջողվել է հավաքել մոտ 100 մլն.դրամ, ուղդելով միջոցները հիվանդ երեխաների բուժմանը: Մասնավորապես, անցյալ տարվա աճուրդի ընթացքում, որը տեղի ունեցավ «Փորձենք զարդարել երեխաների կյանքը» նշանաբանի ներքո, հաջողվել է հավաքել մոտ 35 մլն.դրամ, որը հետագայում կրկնապատկվել է Ամերիա խմբի կողմից, ավելացնելով 8 մլն.դրամ:
«Նախագծի շրջանակներում մենք համագործակցում ենք որոշ հիմնադրամների հետ: Այսպես, իդիոպատիկ արտրիտով տառապող 5 երեխաների մենք օգնել ենք «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամի միջոցով, ուղղելով այդ նպատակին 13.3 մլն.դրամ: «Նվիրիր կյանք» հիմնադրամը օնկոլոգիական և հեմատալոգիական հիվանդություններ ունեցող 6 երեխաների բուժման նպատակով փոխանցել է 33.2 մլն.դրամ, որոնցից մի քանիսը բուժման կուրսն անցել են Գերմանիայում: «Օգնիր» հիմնադրամը լեյկոզով հիվանդ 6 երեխաների բուժմանն է փոխանցել մոտ 10.4 մլն.դրամ: «Օգնենք հայ երեխաներին» և «Էդի» հիմնադրամները փոխանցել են 3.7 մլն.դրամ: Բացի այդ, տարբեր հիմնադրամների գումարներով բուժում են ստացել ուռուցքով և օնկոլոգիական այլ հիվանդություներով երեխաներ: 2013 թվականին Ամերիա խումբը բարեգործական նպատակներով փոխանցել է մոտ 21 մլն.դրամ, որի 1 մլն.դրամը փոխանցվել է Ամերիա Խմբի աշխատակիցների կողմից»,- նշել է Տ.Ջրբաշյանը:
Նրա խոսքերով, գաղափարների նորամուծության առումով յուրաքանչյուր հաջորդ աճուրդ տարբերվում է նախորդից: Այսպես, առաջին աճուրդում ներկայացվել էին մանկատների և գեղարվեստական դպրոցների երեխաների աշխատանքները, երկրորդում` ճարտարապետների, դերասանների և հայտնիների աշխատանքներ, երրորդում` նկարիչների աշխատանքներ: Իսկ չորրորդ աճուրդը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 6-ին, որտեղ կներկայացվեն ալկոհոլային խմիչքների (կոնյակ, գինի, շամպայն) բացառիկ ընտիր տեսակներ:
Նշենք, որ «Ամերիա» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի ֆինանասական շուկայի բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտի ամենաագրեսիվ զարգացող ֆինանսական խմբերից մեկը: Խմբի կողմից տրամադրվող խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների փաթեթը հարթակ է ստեղծում Հայաստանի տարբեր սոցիալ-տնտեսական և գործարար շրջանների հաճախորդների համալիր ֆինանսական աջակցության համար: Խմբի կազմում են`Ամերիաբանկը, «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը և «Ամերիա Ասետ Մենեջմենտ» ներդրումային ընկերությունը: