. Հիմնանորոգումից հետո
Դիլիջանում այսօր բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Երեխաների
և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության կենտրոնը։
Հաստատության վերանորոգմանն աջակցելու գաղափարը
պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDеA)
հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Կենտրոնի հիմնանորոգումն
իրենց սեփական ուժերով և միջոցներով իրականացրել են Դիլիջան միջազգային քոլեջի
շինարարական կազմակերպությունները, այն
համալրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ
գույքով:
Բացման արարողությանը մասնակցում էին պետական
մարմինների, մարզային և տեղական իշխանությունների, միջազգային
կազմակերպությունների, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի
ներկայացուցիչներ։
«Մեր հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս Դիլիջան
քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, և առաջիկա տարիներին նախատեսում ենք տարբեր
ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքն ավելի հարմարավետ կդարձնեն բնակիչների համար։
Ուրախ ենք, որ քոլեջի շինարարական կազմակերպություններն արձագանքեցին IDеA-ի
հիմնադիրների նախաձեռնությանն ու իրենց ներդրումն ունեցան այսպիսի կարևոր կենտրոնի
վերանորոգման գործում։ Հատկապես կցանկանայի ընդգծել «RD group» ընկերության և նրա
հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի ներդրումը»,-նշեց «Հայաստանի զարգացման
նախաձեռնություններ» հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը։
Կենտրոնի կրթական եւ սոցիալ- հոգեբանական աջակցության
ծառայություններից ներկայումս օգտվում է Դիլիջան քաղաքից և շրջակա գյուղերից
հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի խմբերի 177 երեխա, ինչպես նաև՝ նրանց
ընտանիքները: Բարելավված շենքային պայմաններն ու հարմարեցված միջավայրը
հնարավորություն կընձեռեն այսուհետ առավել որակյալ ծառայություններ մատուցել։
Նշենք,
որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն
իրականացնում է երկրի
սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված
երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի
բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի
վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման
ծրագրերը։