Իսկապես, գյուղմթերքի հայ արտահանողները կարող են էականորեն ընդլայնել դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները, բայց որպեսզի ամրապնդվեն այդ շուկայում երկարաժամկետ, պետք է արտադրեն որակով ու գնով մրցունակ ապրանք: Այդ մասին հայտարարել է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը «Նոև Կովչեգում» հրապարակված
հարցազրույցում:
«Դժվար է գնահատել` այս խնդիրը լուծելու համար ինչ ծավալի նոր ներդրումների կարիք ունի մեր գյուղատնտեսությունը, ինչքան նոր խաղացողներ ամբողջ աշխարհից կշտապեն դեպի ռուսական շուկա և որքան երկար կտևի այս պատմությունը: Պետք չէ մոռանալ, որ պատժամիջոցները հավերժական չեն, բայց դրանք կարող են ժամանակավոր առավելություն ընձեռել ապրանքի ճանաչելիությանը հասնելու և սպառողների համակրանքը ձեռք բերելու գործում՝ շուկայի մի հատվածը գրավելու նպատակով», - կարծում է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ երկրորդ նախագահը նշել է, որ, ընդհանրապես, մեծ մոլորություն է կարծել, թե Հայաստանի տնտեսությունը պատժամիջոցներից կարող է շահել:«Հիշում եմ, որ մեր գործիչներից մեկը 2008 թվականի ամռանը դեմքի խիստ ակադեմիական արտահայտությամբ խոսում էր այն մասին, թե Հայաստանի տնտեսությունը շահելու է համաշխարհային ճգնաժամից: Իսկ արդյունքում մենք դարձանք անկման չեմպիոններ և մինչ օրս չենք վերականգնել տնտեսության ծավալների նախաճգնաժամային մակարդակը», - նշել է նա: