Ռուսաստանի նկատմամբ հատվածական պատժամիջոցները, որոնք շոշափում են էներգետիկայի, տեխնոլոգիաների և ֆինանսական շուկայի ոլորտները, Հայաստանի տնտեսության վրա չեն կարող չանդրադառնալ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել հայտնի տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը խիստ կախված է ռուսականից`ոչ միայն տրանսֆերտների ոլորտում, այլ նաև էներգետիկ ու այլ նախագծերի իրականացման տեսակետից: Ավելին, ընդգծել է փորձագետը, զարգացող համատեղ նախագծերը տարեցտարի ավելի կատարյալ բարձրտեխնոլոգիական ձևերի անցման նպատակ են դնում`արդյունահանումից մինչև մշակում, իսկ դրան գրեթե անհնար է հասնել`առանց արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաների: Պատժամիջոցները, գտնում է նա, կհարվածեն Հայաստանի տնտեսությանը նաև ֆինանսական ոլորտի միջոցով`երկրում ներկայացված ռուսական կապիտալով խոշոր բանկերի միջոցով նախագծային ֆինանսավորման իրականացման տեսակետից:
Մինչդեռ, փորձագետի կարծիքով, երկրի ներդրումային իրավիճակի վրա պատժամիջոցների ազդեցության աստիճանը երկակի է գնահատվում: ՙԿարելի է կանխատեսել նաև Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ծավալի հետագա նվազում, բայց եթե երկիրը դառնա Մաքսային միության, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, տեղի կունենա իրացման շուկաների բազմակի մեծացում, ինչն, անշուշտ, կանդրադառնա Հայաստանի տնտեսության նկատմամբ ներդրումային հետաքրքրության զգալի աճի վրա՚,- ասել է Մանասերյանը: Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, Հայաստանի առջև արդեն վաղուց ծառացած է արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման հիմնախնդիրը`արտահանման և ներդրումային հոսքերի: Տնտեսագետի կարծիքով, զգալի կախվածությունը մեկ երկրից, թեկուզև ռազմավարական գործընկերոջից`ի դեմս Ռուսաստանի, լուրջ ռիսկեր է պարունակում: Բարեբախտաբար, ընդգծել է փորձագետը, վերջին մի քանի տարում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման մակարդակը փոքր-ինչ բարձրացել է` ՙբայց ոչ թե կառավարության նպատակադրված գործողությունների շնորհիվ, այլ ձեռնարկատիրական միջավայրի ջանքերի հետ կապված, որը համառորեն նոր շուկաներ է նվաճում իր համար՚: