ՙԱզգային ինքնորոշում միավորում՚ արտախորհրդարանական կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը քաղաքական կուսակցություններին միավորվելու կոչ է արել`Ռուսաստանին դիմակայելու նպատակով, և մտահոգություն հայտնել Ռուսաստանի կողքին Հայաստանի ապագայի առնչությամբ:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հայրիկյանը լրագրողներին ծանոթացրել է իր կուսակցության`նախօրեին Ազգային ժողովի պատգամավորներին հասցեագրված նամակի բովանդակությանը: Նամակում կուսակցության անդամները, մասնավորապես, կոչ են անում ԱԺ պատգամավորներին միջոցներ ձեռնարկել` խուսափելու Ռուսական կայսրության ձեռքում Հայաստանի ՙխամաճիկ՚ դառնալուց: Նամակում պատգամավորներին առաջարկվում է ձեռնպահ մնալ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման օգտին քվեարկելուց`ելնելով երկրի շահերից:
Հայրիկյանը Հայաստանի ապագայի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել ոչ միայն միջազգային և ներքաղաքական, այլ նաև երկրում ստեղծվող ֆինանսական իրավիճակի առնչությամբ: Նրա կարծիքով, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը որպես ՙթուլամիտ՚ քայլ պետք է գնահատվի: Հայրիկյանը գտնում է, որ Ռուսաստանի ներկայիս վիճակը հաշվի առնելով` վերջինիս հետ դաշնակցությունը հղի է անդառնալի հետևանքներով:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ դեպքում Հայաստանը պետք է գնա դեպի Եվրոպա`Հայրիկյանը նշել է, որ դրա մասին առայժմ խոսք անգամ չի կարող լինե: Հայաստանը դեռ շատ հեռու է Եվրամիությանն անդամակցելուց, քանի որ դրա համար հարկավոր է առաջին հերթին հասնել ժողովրդավարության հաղթանակի: ՙՆերկայումս մենք պետք է մտահոգված լինենք ինքնիշխանության պահպանմամբ և չպետք է ինքնակամ սահմանափակենք մեզ: Ինչու՞ պետք է Հայաստանը Պուտինի քմահաճույքով սահմանափակի հայ-իրանական հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերություններն ինչո՞վ են ավելի լավ հայ-իրանական հարաբերություններից, այն դեպքում, երբ Ադրբեջանին զենք է մատակարարվում ոչ թե Իրանի, այլ`Ռուսաստանի կողմից՚,-հարցնում է կուսակցության առաջնորդը: