Արմինֆո.ՀԱԵ Կանադայի թեմում գործունեության ընթացքում Բագրատ Սրբազանի հասցեին հաճախակի հնչող անհիմն մեղադրանքների կապակցությամբ թեմը հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Տավուշի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անձի վերաբերյալ, որը եղել է Կանադահայոց թեմի առաջնորդը, հաճախ անտեղի ակնարկներ են արվում: «Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2003-2013 թթ պաշտոնավարել է որպես Թեմի երրորդ առաջնորդ: Կանադահայոց թեմն անցել է կազմավորման հաջորդական բազում դժվար հանգրվաններով, որոնցից է նաեւ, անկասկած, Բագրատ Սրբազանի պաշտոնավարության շրջանը: Հեշտ է ազատորեն կատարել լուրջ զրպարտություններ ու քննադատություններ Թեմը գլխավորած Առաջնորդի հասցեին՝ առանց ունենալու արծարծվող խնդիրների բոլոր մանրամասնությունները: Իրականում Բագրատ Սրբազանն իր տասը տարիների պաշտոնավարման շրջանում, բացի թեմական ընթացիկ աշխատանքներից՝ տքնաջան գործունեություն է տարել հաջողության հասցնելու հատկապես եկեղեցաշինական աշխատանքը: Անարդար է հետ դարձ կատարել այդ օրերի հարցերին եւ երեւույթներին՝ առանց մանրամասնելու բոլոր տվյալները: Վստահաբար կարող ենք շեշտել, որ Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տքնաջան աշխատել է՝ լավագույն լուծումներին հասնելու համար»,-ասված է Կանադահայոց թեմի տարածած հայտարարության մեջ:
Ինչ վերաբերվում է Սրբազանի վարած թանկարժեք մեքենային, որի վերաբերյալ նույնպես շահարկումներ են եղել, թեմի հայտարարությունում ասվում է. «Ինքնաշարժը պատկանում է թեմին, ոչ թե անձնապես առաջնորդին, եւ արժեքը որոշվում ու հաստատվում է թեմական կարգավորումներով: Կանադահայոց թեմի կանոնադրության համաձայն՝ Թեմի վարչական եւ ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է Թեմական խորհուրդը, ոչ թե առաջնորդը, ուստի վերագրել Առաջնորդին զանցանքներ, որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է եւ զրպարտություն: Ահա թե ինչու անտեղի եւ անարդար վերագրումներ են կատարվում Բագրատ սրբազանի հասցեին: Մեր պահանջն է, որ Մայր աթոռ սուրբ էջմիածինն ու նրա գահակալ ամենայն Հայոց Հայրապետը վեր պահվին բոլոր հակամարտություններից: Մյուս թեմերի կողքին Կանադահայոց թեմը նույնպես ամբողջովին զորակցում է նրանց առաքելության ու անսասանության»: