Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում, Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակական է լինելու՝ իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով, որ իշխանությունները տիրապետում են այդ քարտեզներին եւ բոլոր հիմքերին։
Դիտողությանը, թե՝ երկրում մարդիկ դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, նա նշել է, թե, որպես քաղաքական գործիչ, չի լսել ոչ մի քաղաքական պահանջ: Սիմոնյանն ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում իրենից տարբերվող կարծիք ունեցող քաղաքացիներին: Բայց, նույնիսկ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ օրեր առաջ մեկնարկած բողոքի շարժման մասնակիցների թվի ավելացման պայմաններում նա բացառել է իշխանափոխության հավանականությունը: "Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների միջոցով", - ասել է ԱԺ նախագահը:
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ այդ բոլոր ցույցերի հետևում կանգնած են նախկին իշխանությունների ներկայացուցիչները: <Որքա՞ն կարող եք կրկնել այն, ինչ մենք արել ենք, բայց օգտագործել տարբեր դերակատարների: Մտածեք արդեն ինչ-որ նոր բան: Միևնույն է, վերջում կբերեն Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին (բանանի գլխավոր ներկրող Միհրան Պողոսյանի մականունը - խմբ.), Արթուր Վանեցյանին, Պարույր Հայրիկյանին։ Էլ ո՞վ մնաց այնտեղ> ,- հավելել է նա:
Նշենք, որ մայիսի 4-ին Կիրանց գյուղից մեկնարկել է քայլերթ դեպի Երևան: Քաղաքացիները Հայաստանի իշխանություններից պահանջում են հրաժարվել Ադրբեջանին միակողմանի զիջումների քաղաքականությունից։ Բագրատ Սրբազանը նշել է, որ մայիսի 9-ի կեսօրին շարժումը կժամանի Երևան և կոնկրետ պահանջներ կներկայացնի Հայաստանի իշխանություններին: Մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ արդեն իրենց աջակցությունն են հայտնել շարժմանը։ Երեկ շարժման երկարությունը հասել է մոտ 4 կմ։
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանի (Գալստանյան) գլխավորությամբ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունը: Բացի այդ, մայիսի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպանատան առջև նստացույց է տեղի ունեցել ՝ "ոչ տարածքային զիջումներին" կարգախոսով: Բողոքի ակցիայի կազմակերպիչների թվում էր ՀՅԴ Լիբանանի երիտասարդական թևը: