Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Համապատասխան հաղորդագրությունները հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի անունից:
Նշվում է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի վարչապետի հետ ՝ "վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում առաջընթացին": Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանագծման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Պետքարտուղար Բլինքենը նշել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու ԱՄՆ շարունակական ջանքերը, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի ՝ Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի տեսլականը",-ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում:
Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցած շաբաթ արված հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են 1991թ.Ալմա-Աթայի հռչակագիրն օգտագործումը որպես սահմանագծման հիմք, և "ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու համար": "Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիեւին պահպանել երկխոսությունը իր հայ գործընկերոջ հետ՝ հաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերությունների մեր ձգտումը, նշելով էներգետիկայի, կլիմայի և կապի ոլորտներում ընդհանուր նպատակներին հասնելու, ինչպես նաև Բաքվում COP-29-ի հաջողությունն ապահովելու շուրջ համագործակցությանn ուղղված մեր ջանքերը: Նա ողջունել է որպես մարդասիրական ժեստ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցի փոփոխությունը (մեկուսարանից նրան տեղափոխել են տնային կալանքի-խմբ.) և կոչ արել նրան անհապաղ ազատ արձակել։ Պետքարտուղարը կրկին կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալված անձանց", - նշվում է Միլլերի հաղորդագրությունում: