Արմինֆո. Եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու: Նման կարծիք է հայտնել քաղաքական և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
«Շարժումը, իհարկե, թափ է հավաքում։ Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։
Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3֊4 օր։ Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։
Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։ Այն "գունավոր հեղափոխության" չի կարող վերածվել` արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։ Ուստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկետ ու խիստ գործնական բովանդակությամբ ճանապարհային քարտեզ կառաջարկեն», - համոզմունք է հայտնել փորձագետը։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում: Նրանք դեմ են Երևանի և Բաքվի կողմից համաձայնեցված սահմանազատման տարբերակին, որի արդյունքում ռազմավարական բարձունքներն անցնում են Ադրբեջանին, հայկական գյուղերը հայտնվելու են լրիվ կամ մասնակի շրջափակման մեջ ։ Տավուշի բնակիչներն արդեն յոթերորդ գիշերն են անցկացնում Ոսկեպար-Կիրանց փակ ճանապարհին։ Բացի այդ, ողջ երկրում սկսվել են անհնազանդության ակցիաներ՝ թշնամուն միակողմանի զիջումները դադարեցնելու պահանջով։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու կոշտ գործողություններ է իրականացնում։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքում, ԱԳՆ հաղորդագրության համաձայն, «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաև, որ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված:
Զուգահեռաբար պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին):
Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»:
Հավելենք, որ այդհատվածում Հայաստանը միակողմանիորեն հանձնում է նույն Ալմա-Աթայի հռչակագրով ամրագրված երկրի ինքնիշխան տարածքները ՝ փոխարենը ոչինչ չստանալով, այդ թվում ՝ չհարձակվելու երաշխիքներ։ Մարդկանց, պարզապես, դուրս են շպրտում սահմանամերձ մի շարք գյուղերի իրենց տներից՝ Հանուն Ադրբեջանի խաղաղեցման ՝ զրկելով նրանց իրենց նախնիների գերեզմաններ այցելելու, իրենց հողերը մշակելու, իրենց եկեղեցիներում աղոթելու և, պարզապես, անվտանգ ապրելու հնարավորությունից: Եվ մի շարք երկրների ողջույնի խոսքերը, փորձագետների գնահատմամբ, ներկա պայմաններում, մեղմ ասած, սրբապղծություն են թվում։