Արմինֆո.Սույն թվականի ապրիլի 25-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը ստորագրել են համագործակցության հուշագիր։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը, հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը և Աթենքի Ակադեմիայի գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել գիտաժողովներ, կոնգրեսներ, աշխատաժողովներ, ամառային դպրոցներ, նաև համատեղ իրականացնել գիտնականների փոխանակման ծրագրեր և գիտական նյութերի հրապարակումներ։ Նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։
Համագործակցությունը կներառի մի շարք ոլորտներ՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա և ճարտարագիտություն, մեխանիկա, նոր նյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ, կյանքի որակ, կենսաբժշկություն և կենսատեխնոլոգիա, կենսաբազմազանություն, կենսառեսուրսներ և էկոլոգիա, կլիմայի փոփոխություն, բնական և տեխնածին աղետներ, աստղագիտություն, տիեզերական հետազոտություն և տեխնոլոգիա, պատմամշակութային ժառանգություն և ազգային ինքնություն, մարդ և հասարակություն։
«Այս փոխգործակցությունը կամրապնդի և կզարգացնի հարաբերությունները երկու ակադեմիաների միջև՝ նպաստելով Էլլենական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամության ամրապնդմանը և բարգավաճմանը», - նշվել է միջոցառման ժամանակ։
«Հունաստան այցի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ապրիլի 24-ին մասնակցել է հայ համայնքի հետ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը», - ասվում է Հայաստանի ԳԱԱ-ի հաղորդագրությունում: