Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատկան մարմիններից պարզաբանում է պահանջում այն տեղեկությունների առնչությամբ, որ "Զվարթնոց" օդանավակայանում սահմանապահները թույլ չեն տվել ՀՀ տարածք մուտք գործել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին:
ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք:
Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ: Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին», - ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում: