Արմինֆո.2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
"2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշում է։ Բացի այդ, մինչեւ գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսով ենք՝ դեպի լավը", - նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով: "ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ պետության հարաբերությունները ամենևին էլ լավ շրջան չեն ապրում, - նշել է նա։ - Սակայն ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք դրված են օրակարգում, լուծվում են աշխատանքային կարգով"։
Մեկնաբանելով օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրսբերումը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Բաքուն սեփական ուժերն ունի այդ տարածքի անվտանգությունն ապահովելու համար: "Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությանը. ներկայում դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի սեփական ուժեր անվտանգության ապահովման համար, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանի կարգով չի լուծվում ։ Կարծում եմ ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից", - նշել է նա։
Վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Փաշինյանը չի մասնակցել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ հանրապետությունը կասեցրեցրել է մասնակցությունն այդ կազմակերպությանը։