Արմինֆո. Բաքվի ֆրանսիական վարժարանը դադարեցնում է իր գործունեությունը, հաղորդել են Բաքվի ԶԼՄ-ները: Այդ տեղեկությունը Turan գործակալությանը հաստատել են հենց ուսումնական հաստատությունում։
Հարցին, թե ում կողմից է նման որոշում կայացվել, վարժարանում պատասխանել են՝ "հիմնադիրների", չհստակեցնելով, թե ովքեր են նրանք: Ամենայն հավանականությամբ, փակման պատճառն ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների սրումն է։
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ վարժարանը բացվել էր 2013 թվականին մեծ շուքով՝ քաղաքի ամենաթանկ "Սպիտակ քաղաք" թաղամասում։ Դրա ստեղծման մասին որոշումը կայացվել էր երկու երկրների ղեկավարների մակարդակով։ Վարժարանի կառավարման կոմիտեի կազմում են Հեյդար Ալիևի հիմնադրամը, SOCAR-ը, Ֆրանսիայի դեսպանատունը և Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը: