Արմինֆո."Իրանի "կարմիր գծերը "տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում փոփոխություն չեն կրել, այդ մասին մշտապես շեշտում եմ իմ բոլոր հարցազրույցներում", - ապրիլի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ի պատասխան ճշտման, թե արդյոք փոխվել է Իրանի դիրքորոշումն այդ հարցում, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացման տակ պահել ՀՀ մի շարք տարածքներ:
Դիվանագետը վերստին ընդգծել է պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու կարևորությունը: "Մենք կտրականապես դեմ ենք աշխարհաքաղաքական փոփոխություններին, այդ թվում ՝ տարածաշրջանի պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների։ Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք հանդես ենք գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին", - պարզաբանել է Սոբհանին։
Իրանի դեսպանը կրկին մեղադրել Է Իսրայելին Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար: "Հարավային Կովկասում անկայունության գործոններից մեկն Իսրայելի ռեժիմն է։ Այդ ռեժիմը, բացի նրանից, որ փորձում է տարածաշրջանում զարգացնել միլիտարիզմը, նաև փորձում է լարվածություն ստեղծել Իրանի և տարածաշրջանային երկրների միջև", - ընդգծել է նա։
Դեսպանի ասելով՝ եթե ինչ-որ տեղ զարգանում է միլիտարիզմը, դա մեծացնում է բախումների ռիսկերը, իսկ բախումների թվի աճը հանգեցնում է ապակայունացման և սպառնում է անվտանգությանը։ "Դա ազդում է տարածաշրջանի ժողովուրդների, ինչպես նաև Իրանի վրա։ Ակնհայտ է, որ ռեժիմը փորձում է լարվածություն ստեղծել Իրանի եւ տարածաշրջանի երկրների միջեւ, քանի որ այդ ռեժիմը մեր թշնամին է", - հայտարարել է Սոբհանին, հույս հայտնելով, որ տարածաշրջանի ժողովուրդներն այնքան խոհեմ են, որ տարածաշրջանի որեւէ երկրի հետ բախումների չեն գնա: "Արտաքին քաղաքականությունում ողջախոհությունն այն է, որ հարևանների և այլ երկրների հետ հարաբերությունները պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում ։ Կարծում եմ, որ տարածաշրջանի երկրները նման ըմբռնում ունեն, եւ նրանք տարածաշրջանի կյանքը չեն ենթարկի սիոնական ռեժիմի արկածախնդրությանը", - եզրափակել է Սոբհանին։