Արմինֆո. ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով նիստում շոշափվել է Համագործակցության երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության հարցը: Այդ մասին ապրիլի 12-ին Մինսկում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք այսօրվա հանդիպմանը քննարկվել է Համագործակցության երկրների գործերին արտաքին ուժերի միջամտության թեման։
Ռուսաստանի նախարարի խոսքով՝ բոլորն ամեն ինչ հասկանում են։ "ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են ներխուժել մեր ընդհանուր տարածքի բոլոր տարածաշրջաններ։ Փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները՝ մասնավորապես։ Չեն ցանկանում թույլ տալ իրականացնել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նաև փորձում են ակտիվ կերպով ներթափանցել Կենտրոնական Ասիա", - ասել է Լավրովը, հավելելով, որ ստեղծվում են տարբեր ձևաչափեր՝ ուղղված ՌԴ-ի դեմ։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախարարը հավաստիացրել է, որ Ռուսաստանի դաշնակիցներն ու ռազմավարական գործընկերները հսկայական ճնշման տակ հավատարիմ են մնում այն հիմնարար սկզբունքներին, որոնց վրա հիմնված է համագործակցությունը ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՇՀԿ շրջանակներում:
"Ես վստահ եմ, որ ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման։ Նրանք կարող են շանտաժի, վերջնագրերի, սպառնալիքների միջոցով հասնել ինչ-որ գործողությունների, որոնք չեն օգնում զարգացնել համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում, բայց դրանք մեկանգամյա իրավիճակներ են, որոնք չեն կանխորոշում ընդհանուր շարժումն Արևմուտքի թելադրանքից ազատվելու ուղղությամբ։ Դա պատմական գործընթաց է եւ վերաբերում է ոչ միայն մեր տարածքին, այլեւ գլոբալ իրադրությանը՝ ընդհանուր առմամբ", - ամփոփել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։
Հավելենք, որ Հայաստանը միջոցառմանը ներկայացված էր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի մակարդակով: