Արմինֆո. Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի փոքր քանդակի հանդիսավոր բացումը: Քանդակի հեղինակը ուկրաինացի վարպետ Ռոման Մուրնիկն է ։
Ինչպես հաղորդում է AnalitikaUA պարբերականը, Փարաջանովի քանդակը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ քաղաքում հայտնված խաչքարի մոտ: "Տեղադրված մանրաքանդակը կդառնա Ուժգորոդի զարդը, եւ, միեւնույն ժամանակ, նրա բնակիչներին եւ հյուրերին կհիշեցնի տաղանդավոր հայի մասին, որը համաշխարհային համբավ է ձեռք բերել եւ դարձել ուկրաինական բանաստեղծական կինոյի ամենավառ ներկայացուցիչներից մեկը", - նշում է աղբյուրը: Համաշխարհային մակարդակի նշանավոր կինեմատոգրաֆիստի հիշատակը հարգելու նախաձեռնողը Ուժգորոդի քաղխորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանն ու Անդրկարպատյան հայ համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը էին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Ուժգորոդի քաղաքապետի տեղակալ Իվան Զավիդնյակը, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության նախագահ Սերգեյ Բորդենյուկը, Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Հայկ Թորոսյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Եվգենի Տիշչուկը, Անդրկարպատյան հայ համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանը և համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը: