Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։
Նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համաժողովներին մասնակցելու և համատեղ նախագծերի իրականացման միջոցով։
Հայ-ղազախական գործարար կապերի ամրապնդման համատեքստում նախարարն առաջարկել է դիտարկել տնտեսական տարբեր ծրագրերում ղազախական ընկերությունների մասնակցության հնարավորությունը։
Մտքեր են փոխանակվել տնտեսության դիվերսիֆիկացման, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ուղիղ չվերթների կազմակերպման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին աճել է 2,4 անգամ՝ կազմելով 100,5 մլն դոլար: Մասնավորապես, արտահանման 3,8 անգամ էական աճն ուղեկցվել է ներմուծման 23,6% աճով, որոնց ծավալները կազմել են, համապատասխանաբար, 71,3 մլն դոլար և 29,2 մլն դոլար: Որպես համեմատություն նշենք, որ 2022 թվականին ևս Ղազախստանի ուղղությամբ աճ է գրանցվել, բայց այն ժամանակ բարձր տեմպերով աչքի է ընկել ներմուծումը՝ 3 անգամ՝ արտահանման 67,4% աճի դեպքում, ինչը 2,2 անգամ ավելացրել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը։