Արմինֆո. Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը տագնապած է Երուսաղեմի Հայկական թաղամաս իսրայելական ոստիկանության և վերաբնակիչների վերջին հարձակման և ներխուժման առնչությամբ: Այդ մասին ասվում է ինստիտուտի հայտարարությունում, որում նաև հիշեցվում է, որ 2024 թվականի հունվարին իրենք արդեն հրապարակել էին հայտարարություն, որով դատապարտում էին Արևելյան Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հարձակումը իսրայելա-ավստրալացի գործարար Դենի Ռուբինշտեյնի հետ կապված զինված ամբոխի կողմից։
«Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական սադրանքների ֆոնին այս հարձակումը Հայաստանի ինքնավարությունն ու ինքնիշխանությունը վտանգելու ևս մեկ փորձ է: Ադրբեջանից մինչև Իսրայել ցեղասպան ռեժիմներում առկա հայատյացության մակարդակը տագնապ է առաջացնում և հայերին մշտական վտանգի մեջ է դնում», - ասվում է հայտարարությունում:
Ինստիտուտում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Արևմտյան ափին և Երուսաղեմում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի դիրքորոշումը բնութագրվում է վերաբնակիչների լայնածավալ արշավանքներով և շենքերի քանդմամբ: "Հին քաղաքի Հայկական թաղամասն անմասն չի մնացել իսրայելցիների նման գործողություններից։ Երուսաղեմի հայ համայնքը, մասնավորապես, պատրիարքարանը, հանդես է գալիս որպես քաղաքի քրիստոնեական սրբավայրերի կարևորագույն պահապան՝ Երուսաղեմում ներկայացնելով ինչպես քրիստոնեական, այնպես էլ հայկական մշակույթը: Թաղամասի կենտրոնում հող գնելու փորձերը արտացոլում են Հունական ուղղափառ եկեղեցու հետ կապված նախկին սկանդալը, երբ եկեղեցին պաղեստինցիներին պատկանող երկու հյուրանոց վաճառեց օտարերկրյա ընկերություններին, որոնք ծառայում էին որպես հրեա վերաբնակիչների քողարկում: Վաճառքը վրդովմունքի եւ անհանգստության փոթորիկ է առաջացրել ողջ աշխարհում, ինչը հանգեցրել է Հույն ուղղափառ պատրիարք Իրինեոս I-ի արտաքսմանը", - հիշեցրել են Լեմկինի ինստիտուտում։
"Մենք Լեմկինի ինստիտուտում կոչ ենք անում պաշտպանել պատմական և մշակութային հայկական հողը և Երուսաղեմի քրիստոնեական սրբավայրերը։ Երուսաղեմի իրենց բուն և պատմական հողերից հայ համայնքին վտարելու շարունակական ջանքերը սնուցվում են նույն էլիմինիստական և վերաբնակեցման-գաղութատիրական գործընթացով, որը մենք տեսնում ենք Արևմտյան ափին: Լեմկինի ինստիտուտը կոչ է անում իսրայելական դատարաններին անհապաղ անվավեր ճանաչել Հայոց պատրիարքարանի և Xana Gardens-ի միջև ցանկացած գործարք: Բացի այդ, մենք պահանջում ենք, որպեսզի Իսրայելի իշխանությունները հարգեն հայերի և քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները Երուսաղեմի, Արևմտյան ափի և Իսրայելի ողջ տարածքում: Անկախ այն բանից, թե թիրախը պաղեստինցի մահմեդականներն են թե հայ քրիստոնյաները, Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ջանքերը ոչ հրեաների հաշվին հրեական բնակավայրերն ընդլայնելու ուղղությամբ և պարտավորություն ստանձնի պաշտպանել բոլոր ժողովուրդներին և դավանանքներին ողջ տարածաշրջանում", - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 3-ին ՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում, իսրայելական ոստիկանությունը ապօրինի վտարում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի "Կովերի պարտեզի" տարածքից ՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, ինչպես նաև հարձակվելով հոգևորականների և տեղի հայերի վրա: Հավելենք, որ սա Հին քաղաքում Հայոց պատրիարքարանի գույքն ուժով զավթելու առաջին փորձը չէ ։
Իսրայելի ոստիկանության այս գործողություններն արդեն դատապարտել է Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը, որը կոչ է արել Իսրայելի իշխանություններին ձեռնպահ մնալ Երուսաղեմի Հայկական թաղամասում միակողմանի գործողություններից:
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայ համայնքը 2023 թվականի նոյեմբերի 5-ից շուրջօրյա պաշտպանում է իր սեփականությունը: Միայն վերջին 150 օրվա ընթացքում նրա ներկայացուցիչները բախվել են անպատիժ հարձակումների տարափի: Պարտեզի փրկության շարժումը կոչ է անում բոլոր միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Իսրայելի կառավարության վրա ՝ լուծելու այս իրավիճակը, որը վտանգում է հայերի 1700-ամյա ներկայությունը Սուրբ Երուսաղեմ քաղաքում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պայմանագիր էր կնքել իսրայելական ընկերության հետ ՝ նրան իրավունք տալով "Կովերի պարտեզի" տարածքում կառուցել լյուքս դասի հյուրանոց ՝ մի քանի պատմական շենքեր քանդելու իրավունքով ։ Պատրիարքարանը չեղարկել է գործարքը հայ համայնքի, ինչպես նաև պաղեստինյան ինքնավարության իշխանությունների բողոքներից հետո: Դրանից հետո հայ համայնքի վրա հարձակումներ են սկսվել, վերջին հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ մոտ 30 զինված անձինք հարձակվել են տեղամասի վրա ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով այնտեղ հերթապահող մի քանի հայ ակտիվիստների, այդ թվում ՝ քահանային և ճեմարանի սաներին։