Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 7-ին` ժամը 17։15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք նաև, որ Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ «Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է իրականությանը չհամապատասխանող հերթական հաղորդագրությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - ընդգծել են ՀՀ ՊՆ-ում:
Նշենք նաև, որ թշնամական կողմը Հայաստանի տարածքը գնդակոծել էր նաև ապրիլի 6-ի գիշերը։ Տուժել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքը։
Այդ առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։ «Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է: Այս պարբերական բնույթ կրող հանցանքները խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդիկ զրկված են խաղաղ ու անվտանգ կյանքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Ուստի, որևէ պարագայում չի կարելի թույլ տալ նրանց ներկայությունը մեր գյուղերի հարևանությամբ» , - նշել է նա։