Արմինֆո. Ֆրանսիան մտահոգված է Երուսաղեմի հայկական թաղամասում ապրիլի 3-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Այդ մասին ասվում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության հաղորդագրությունում։
"Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողությունից, որը կասկածի տակ է դնում Երուսաղեմում ստատուս քվոն",-ընդգծել են Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունում՝ Twitter-ի (X) միկրոբլոգում:
Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 3-ին ՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում, իսրայելական ոստիկանությունը ապօրինի վտարում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի "Կովերի պարտեզի" տարածքից ՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, ինչպես նաև հարձակվելով հոգևորականների և տեղի հայերի վրա: Հավելենք, որ սա հին քաղաքում Հայոց պատրիարքարանի գույքն ուժով զավթելու առաջին փորձը չէ ։
Հատկանշական է, որ չնայած բոլոր հարձակումներին ՝ Հայաստանի ԱԳՆ-ում կողմնակի դիտորդի դերում են հանդես գալիս ՝ ոչ մի կերպ չարձագանքելով հայկական հազարամյա ունեցվածքի շուրջ տեղի ունեցողին ։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայ համայնքը 2023 թվականի նոյեմբերի 5-ից շուրջօրյա պաշտպանում է իր սեփականությունը: Միայն վերջին 150 օրվա ընթացքում նրա ներկայացուցիչները բախվել են անպատիժ հարձակումների տարափի: Պարտեզի փրկության շարժումը կոչ է անում բոլոր միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Իսրայելի կառավարության վրա ՝ լուծելու այս իրավիճակը, որը վտանգում է հայերի 1700-ամյա ներկայությունը Սուրբ Երուսաղեմ քաղաքում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պայմանագիր էր կնքել իսրայելական ընկերության հետ ՝ նրան իրավունք տալով "Կովերի պարտեզի" տարածքում կառուցել լյուքս դասի հյուրանոց ՝ մի քանի պատմական շենքեր քանդելու իրավունքով ։ Պատրիարքարանը չեղարկել է գործարքը հայ համայնքի, ինչպես նաև պաղեստինյան ինքնավարության իշխանությունների բողոքներից հետո: Դրանից հետո հայ համայնքի վրա հարձակումներ են սկսվել, վերջին հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ մոտ 30 զինված անձինք հարձակվել են տեղամասի վրա ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով այնտեղ հերթապահող մի քանի հայ ակտիվիստների, այդ թվում ՝ քահանային և ճեմարանի սաներին ։