Արմինֆո.Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման կապակցությամբ ։
Թուրքիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Արցախի տարածքների բռնազավթումը "պատմական հնարավորություն է բացել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար":
"Այն ժամանակ, երբ այս պատմական հնարավորության հաջողությունն այդքան մոտ է, ավելի կարևոր է, որ երրորդ կողմերը, հատկապես, տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողները, արդար և անկողմնակալ մոտեցում ցուցաբերեն այս գործընթացին և խուսափեն դրան որևէ վնաս հասցնելուց: Այս համատեքստում մենք պարտավոր ենք հստակ ընդգծել, որ ապրիլի 5 - ին Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումը կխաթարի չեզոք մոտեցումը, որը պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանի բարդ խնդիրների լուծման համար", - ասվում է տեքստում ։
Անկարայում հավաստիացրել են, որ Ադրբեջանին բացառող այս նախաձեռնությունը ճանապարհ կհարթի, որպեսզի Հարավային Կովկասը դառնա աշխարհաքաղաքական դիմակայության գոտի, այլ ոչ թե ծառայություն խաղաղությանը: "Մենք կրկին կոչ ենք անում երրորդ երկրներին ընթացիկ գործընթացներում ձեռնարկվող քայլերի ժամանակ ուշադրություն դարձնել տարածաշրջանի պարամետրերին և պահպանել հավասար հեռավորություն կողմերի միջև։ Մենք հաստատապես հավատում ենք, որ Հարավային Կովկասը կծաղկի եւ կհասնի այն տարածաշրջանային բարգավաճմանը, որին արժանի է հարատեւ խաղաղության եւ կայունության հիման վրա: Թուրքիան կխրախուսի երկկողմ քայլերը, որոնք ուղղված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համար բացվող պատմական հնարավորության գնահատմանը", - ամփոփել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Պետդեպարտամենտում և ԵՄ-ում, Բրյուսելի հանդիպումն ուղղված է Հայաստանի կայունության ամրապնդմանը, և դրանում անվտանգության հարցեր չեն քննարկվի: