Արմինֆո.2016 թվականի ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր։ Այդ մասին գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ-ն այդ շրջանում։
«4 օր, և Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման
տարբեր ուղղություններում, ձախողեց նրա բոլոր հեռանկարային պլաններն ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ` իհարկե, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանատարությամբ և հազարավոր կամավորականների ամուր աջակցությամբ։ Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր իրենց կյանքն են նվիրել հանուն Մայր հողի։
Ու թեև այսօր օրինական ստեղծված Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայաթափված ու հանձնված է, և Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի իշխանությունը վախեցնում է ժողովրդին պատերազմով, հայը չունի բարոյական նկարագիր, բարոյական իրավունք իր հող հայրենին հանձնելու։ Քավ լիցի։ Հայ ժողովուրդը չի տենչում պատերազմ, բայց և պատերազմից չի վախենում։ Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ։
Միայն ազգային ուժերի առաջնորդությամբ կարող ենք պայքարել ու ապրել՝ հանուն հայկական Արցախի, Հայաստանի», - գրել է գեներալը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հավելենք, որ այսօր՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի 8-րդ տարելիցին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել "Եռաբլուր" զինվորական պանթեոնում գտնվող ազատամարտիկների հուշակոթողին:
Հիշեցնենք, որ 8 տարի առաջ ՝ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով: Ապրիլյան ռազմական գործողություններն ամենամասշտաբայինն էին 1994 թվականի մայիսի հրադադարի շուրջ համաձայնագրից հետո։ Ապրիլի 2-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իրենց գերազանց են դրսևորել հայկական բոլոր զորամասերը, ներառյալ հրետանավորները, տանկիստները և հակատանկային ստորաբաժանումները:
Ինտենսիվ մարտերի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ջոկատները ոչնչացրել են հայկական կողմի դիրքերի վրա հարձակողական 2 ադրբեջանական ուղղաթիռ, 26 տանկ, ինչպես նաև 14 անօդաչու թռչող սարք, 1 ԲՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանք, 4 ՀՄՄ և 1 ինժեներական կայանք:
Շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է 64 զինծառայող, 13 կամավոր, 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է ավելի քան 120 մարդ, ևս 9 զինծառայող զոհվել է ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո՝ մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում, մի քանիսը մահացել են ավելի ուշ՝ հոսպիտալներում: Ելնելով նույն տարվա մայիսի 16-ին Վիեննայում Պետդեպարտամենտի ներկայացրած տվյալներից ՝ պարզ է դառնում, որ բացի հայկական կողմի 81 կորուստներից, զոհվել է մոտ 270 ադրբեջանցի: Միևնույն ժամանակ, Bellingcat միջազգային հետազոտական խմբի վերլուծաբանները Բաքվի կորուստները գնահատում են 400-500 սպանված զինվոր: