Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
«Մասնավորապես, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել 3 անշարժ գույք; 1 տրանսպորտային միջոց; 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ; 103 հազար 755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք; 4 իրավաբանական անձանցում մասնակցություն; 52 մլն դրամ:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել 3 անշարժ գույք; 1 տրանսպորտային միջոց; Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ; 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել; 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ», - ասվում է հաղորդագրությունում: