Արմինֆո.Բաքուն Երևանից վախենալու բոլոր հիմքերն ունի, որովհետև շատ լավ հասկանում է, որ վաղ է թե ուշ երկիրը ոտքի կկանգնի։ Այդ մասին հայտարարել է հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետ, ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 168.am ռեսուրսի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է Ադրբեջանը շտապում, քանի որ գիտակցում է, որ ապագայում կարող է լուրջ խնդիրներ ունենալ: "Ինչպես որ այդ երկիրը ոտքի է կանգնել վերջին 20 տարիների ընթացքում, ճիշտ այնպես էլ, բայց շատ ավելի արագ տեմպերով, կվերականգնվի նաև Հայաստանը։ Ռազմական տեսանկյունից այն պատահական հաղթանակը, որին նրանք հասել են, ձեռք է բերվել հսկայական ջանքերի և հսկայական ֆինանսական ռեսուրսների ներգրավման գնով։ Բանակի ստեղծմանը տասնյակ միլիարդավոր դոլարներ են ուղղվել, որոնք ստացվել են նավթի և գազի վաճառքից, ստեղծվել են պաշտպանական ոլորտի գիտահետազոտական ինստիտուտներ։ Սակայն 2016 թվին, երբ Արցախի վրա հարձակման փորձ արվեց, հենց Ադրբեջանը հանդես եկավ որպես ռազմական գործողությունների դադարեցման նախաձեռնող։ Այլ կերպ ասած՝ իր պաշտպանական ոլորտում հսկայական միջոցներ ներդնելուց հետո Բաքուն այն ժամանակ հասկացավ, որ չի կարող միայնակ հաղթել հայկական կողմին", - ասել է Մանուկյանը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի համար միակ բարենպաստ իրավիճակը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր, և Բաքուն դրանից շատ լավ օգտվեց: Քաղաքական գործչի խոսքով ՝ այս իրավիճակը միանգամայն ձեռնտու է Բաքվին, որին այժմ ձեռնտու չէ խաղաղության պայմանագրի կնքումը, և նա կգնա մինչև վերջ: Ընդ որում, հաճախ դա անելու են անգամ ռազմական ուժի չդիմելով, բայց անընդհատ դրանով սպառնալով։ Տավուշի մարզի գյուղերի հետ կապված պատմությունը դրա վառ ապացույցն է։ "Նրանց պետք են Հայաստանի Հանրապետության բոլոր բարձունքները, որոշ տարածքներ, որոնք կօգտագործվեն ռազմական գործողությունների վերսկսման համար՝ իրենց հարմար պահին ։ Պատերազմը չի ավարտվել, այն, ինչ հիմա տեղի է ունենում, ընդամենը, հրադադար է, բուն պատերազմը չի ավարտվել", - կարծում է նախկին վարչապետը։
Նա նշել է, որ, ի տարբերություն Բաքվի, Երևանն այլ կարծիք ունի։ Հայաստանում կարծում են, թե պատերազմն ավարտվել է, և մնում է միայն խաղաղության պայմանագիր կնքել։ Մինչդեռ, ինչպես կարծում է Մանուկյանը, այդ փաստաթղթի շուրջ բանակցություններն այս իրավիճակում Հայաստանի համար ցանկալի արդյունքի չեն հանգեցնի։ "Ալիեւը չի շտապի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, քանի որ առավելագույնը ստանալու նրա մտադրություններն ավելի քան ակնհայտ են։ Ասեմ ավելին, այս իրավիճակում նվաստացած Հայաստանն իր համար որևէ դրական արդյունք չի ստանա", - կարծում է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ, ամեն դեպքում, բանակցություններն անհրաժեշտ են, բայց՝ միայն Երևանի կողմից իր բոլոր քաղաքական պահանջները ներկայացնելով: Իհարկե, շարունակել է Մանուկյանը, Բաքուն երբեք դրանց չի համաձայնի, բայց Հայաստանն, իր հերթին, չպետք է շտապի։ Թող տարիներ շարունակ այդ բանակցություններն ընթանան, բայց ոչ մի դեպքում չի կարելի գնալ զիջումների, որոնք երբեք չեն հանգեցնի խաղաղության ։ Բանակցությունների ընթացքում անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հայկական պետության ներուժի հզորացման, զինված ուժերի ամրապնդման, այդ գործընթացում աշխարհասփյուռ հայությանը, ինչպես նաև դաշնակից բոլոր երկրներին ներգրավելու ուղղությամբ: "Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը հետաքրքիր է շատ երկրների համար, նույնիսկ՝ հեռավոր Չինաստանի համար։ Այս տարածաշրջանի հարստությունը ոչ թե նյութական արժեքներն են, այլ նրա աշխարհագրական դիրքը, որը մեծ հնարավորություններ է բացում", - կարծում է նախկին վարչապետը։
Նա խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը։ "Երբ մարդը հայտարարում է, թե՝ այդ ինչ հողեր են, ում են դրանք պետք, դա նշանակում է միայն մեկ բան. այդ մարդը չի կարող պետություն ղեկավարել: Երկրի տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը կարևոր նշանակություն ունի։ Տեսեք, տարածքով վիթխարի Ռուսաստանը մինչ օրս Ճապոնիայի հետ պայմանագիր չի կնքել չորս կղզիների վերաբերյալ։ Գործնականում, բոլոր երկրների ղեկավարներն այն դիրքորոշումն ունեն, որ տարածքի յուրաքանչյուր մետրը նշանակություն ունի, բայց նույնը չի կարելի ասել մեր ղեկավարների մասին", - ընդգծել է Մանուկյանը, հավելելով, որ Տավուշում բարձունքների հանձնումն Ադրբեջանին կհանգեցնի այն բանին, որ Բաքուն ամբողջությամբ կհրաժարվի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից, քանի որ այդ դեպքում նրա մոտ լայն հնարավորություններ են բացվում Հայաստանին էլ ավելի նվաստացնելու եւ իր համար ավելի քիչ խնդիրներով ռազմական գործողություններ վարելու համար:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս ողջ պատմության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ինքնուրույն անձ է, և երրորդ ուժերի գործիք: "Լինելով աբիժնիկ՝ նա ամեն կերպ ձգտում էր իշխանության գալ։ Այդ ձգտումը հանգեցրեց նրա բարդույթների առաջացմանը։ Իշխանության ճանապարհին նա օգտագործել է տարբեր քաղաքական ուժերի գաղափարները։ Բայց երբ գաղափարներ ես հավաքում, դրանք դառնում են ծաղրանկար: Նա շատ էր ուզում, որ իրեն օգտագործեն, ինչը, ի դեպ, շարունակվում է նաև այսօր։ Փաշինյանին ակտիվորեն օգտագործում են թե Եվրամիությունը, թե Ռուսաստանը։ Մոսկվան, ռազմական գործողությունների մեջ մտնելով Ուկրաինայում, ցանկանում է իր համար բարենպաստ հարաբերություններ ձևավորել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է որոշ զիջումների գնար, այդ թվում ՝ Հայաստանի հարցում։ Իսկ Բաքվին ու Անկարային չնյարդայնացնելու համար Մոսկվային ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի անձը, ում վրա կարելի է ամեն ինչ դուրս գրել", - ընդգծել է քաղաքական գործիչը, հավելելով, որ Արևմուտքն, իր հերթին, Փաշինյանին օգտագործում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու համար։ Այս իրավիճակում երկու դեպքում էլ տուժում է հայ ժողովուրդը։