Արմինֆո. Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին (իբր նրանց ԱՀ-ին պատկանելության մասին - խմբ.), Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր:
Մասնավորապես, երեկ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր 1990թ․ մարտի 24-ին հայերն ադրբեջանցի բնակիչների վրա կրակ են բացել, որի հետևանքով սպանվել են և գյուղից տեղահանվել են ադրբեջանցիներ։
Ըստ ադրբեջանական դատախազության` «Բաղանիսի և Այրումի ցեղասպանության» մեղադրանքով 18 հայի նկատմամբ կեղծ քրեական գործը հարուցվել է 2005 թ․ մայիսի 5-ին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ (Ցեղասպանություն) և 107-րդ (Բնակչությանը բռնի տեղահանում) հոդվածներով։
Ըստ այդ հայտարարության` իբր «Ղազախի շրջանի 7 գյուղ շարունակում է մնալ Հայաստանի օկուպացիայի ներքո, որը [Հայաստանը] պետական մակարդակով իրականացնում է ահաբեկչություն»։
Այս ամենը ցույց է տալիս, որ նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալություններեվ, առևանգումներով, գերեվարումներով:
Ադրբեջանի իշխանությունն իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության որևէ նպատակ չունի, ընդհակառակը` գործում է Հայաստանի ու հայությանն ուղղված առավել ընդգծված ագրեսիվ քայլերով ու սպառնալիքներով», - ընդգծել է իրավապաշտպանը։
Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո, թե՝ պետք է Ադրբեջանին տալ հայկական գյուղերը, որպեսզի, իբր, պատերազմ չլինի, գործող իշխանության հետ կապված փորձագետները սկսել են զանգվածների շրջանում առաջ տանել այն գաղափարը, թե այդ գյուղերն, իբր, երբեք մեզ չեն պատկանել, և, "եթե չհանձնենք, Ադրբեջանն օրինական հիմքով կարող է դրանք վերցնել՝ ուժի կիրառմամբ":