Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը՝ չնշելով այլ մանրամասներ:
Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի հարթակներում: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ժնևում կլինի մարտի 22-25-ը: Մինչ այդ ՝ մարտի 19-21-ը Ալեն Սիմոնյանը Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանին:
Միջխորհրդարանական միության վեհաժողովը տեղի կունենա Ժնևում մարտի 23-27-ը: Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում, գրեթե վեց տարվա ընթացքում առաջին անգամ Վեհաժողովը տեղի կունենա շվեյցարական քաղաքում: Այն նվիրված է լինելու խորհրդարանական դիվանագիտության եւ հանուն խաղաղության ու փոխըմբռնման կամուրջներ կառուցելու թեմային ։