Արմինֆո.Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատրաստվում Հայաստանին թողնել 29800 քառ.կմ տարածք: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:
"Ադրբեջանն արդեն դեմ է արտահայտվել նաև Ալմա-Աթայի հռչակագրին։ Այն ամենը, որ ասում են, թե, իբր, պետք է ինչ-որ բան տալ Բաքվին՝ 29800 քառ.կմ-ը պահպանելու համար, սուտ է։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատրաստվում Հայաստանին թողնել այդ տարածքը", - նշել է Իգիթյանը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բաքվի պահանջով Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի զեկույցից հանվել են "սառեցված Լեռնային Ղարաբաղի հակամարտություն", "հղում Ալմա-Աթայի հռչակագրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի որոշման հարցում", "խաղաղ բանակցությունները պետք է ընթանան միայն Բրյուսելի միջնորդությամբ" արտահայտությունները:
"Դրա փոխարեն զեկույցում ասվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու և միջազգային իրավունքի նորմերի պահպանման մասին։ Քարտեզի վրա՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքային հավակնություններն են 1919 թ. Փարիզի խաղաղության խորհրդաժողովում: Հենց այդ հանրապետության իրավահաջորդն է իրեն համարում ներկայիս Ադրբեջանը։ Եվ դա արտացոլված է նրա Սահմանադրության մեջ", - նշել է Իգիթյանը՝ հրապարակելով Հայաստանի նկատմամբ Բաքվի տարածքային նկրտումների քարտեզը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ շփման ժամանակ հայտարարել էր, որ եթե Երևանը չկատարի մի շարք սահմանամերձ գյուղեր Ադրբեջանին հանձնելու Բաքվի պահանջը, ապա պատերազմ կսկսվի: Իսկ պատերազմի դեպքում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին։