Արմինֆո. Մոսկվան մշակումներ է ստացել Երևանից և փոխանցել է իր նկատառումները Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի վերաբերյալ։ Այդ մասին մարտի 20-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարությունն այն մասին, որ գերատեսչությունը Ռուսաստանի գործընկերներին նոր առաջարկներ կանի հակահայկական բովանդակության հաղորդումները բացառելու համար։
"Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք այդ հարցի շուրջ, մեզ մոտ խորհրդատվություններ են ընթանում։ Կարծիքների փոխանակումն ավարտված չէ, մենք ստացել ենք մշակումներ Երեւանից, փոխանցել ենք մեր նկատառումները եւ, ինչպես ասացի, սերտ շփման մեջ ենք", - հաղորդել է նա։
Զախարովան հավելել է, որ երկու կողմերի հիմնական խնդիրն է լուծել բոլոր խնդրահարույց հարցերը և կանխել նորերի առաջացումը՝ փոխադարձ հարգանքի ոգով: Երկխոսության մասնակիցները պետք է ձգտեն հենց դրան։
Ավելի վաղ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հաղորդել էր, որ առաջիկայում Մոսկվայում խորհրդատվություններ կանցկացվեն Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
Նրա խոսքով, Հայաստանը կներկայացնի Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման վերաբերյալ լուծումներ և առաջարկություններ, որոնք բխում են ինչպես համաձայնագրի տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության շահերից: Հայրապետյանը նաև ընդգծել էր, որ համաձայնագրի շրջանակում գործող գործիքներըչեն աշխատում՝ նման բովանդակությունը վերահսկելու և կանխելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել էր այդ փաստը, ինչի արդյունքում համատեղ հայտարարություն էր ստորագրվել ։ Անցած տարվա դեկտեմբերին կողմերի միջև անցկացված խորհրդատվությունների արդյունքում պայմանավորվածություն է րձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ: Սակայն արդեն 2024թ. փետրվարին հայկական կողմը նոր խախտում էր արձանագրել, ինչի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ը բողոքի նոտա էր հղել ռուսական կողմին։