Արմինֆո.Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատման աշխատանքները, ըստ էության, սկսվելու են Տավուշի մարզից։ Սա, փաստացի, երկու ամիս առաջվա Ալիևի հայտարարության կրկնությունն է, ըստ որի, սահմանազատման հանձնաժողովը քննարկում է մեկ հարց՝ Ղազախ-Թովուզի շրջանի սահմանազատման հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Նախօրեին Փաշինյանը մամուլի ասուլիսում, մեկնաբանելով Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանին գտնվող 4 գյուղերի անհապաղ ազատման մասին Բաքվի պահանջը, հայտարարել է, թե երբեք որևէ քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ «Երբ ադրբեջանական մամուլում հնչում էին գյուղերի անունները, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք նման անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում, ոչ միայն խորհրդային տարիներին, այլև դրանից հետո», - նշել է Փաշինյանը։ Ընդ որում, վարչապետը չի բացառել, որ սահմանազատման գործընթացը հնարավոր կլինի սկսել Տավուշի մարզից, սակայն, նման հեռանկարը կարող է դեֆորմացնել գործընթացը և հանգեցնել լրացուցիչ ռիսկերի։ Այդ համատեքստում, նրա կարծիքով, հետագայում խնդիրներից խուսափելու համար ավելի ճիշտ է կառուցել նոր կոմունիկացիաներ, որպեսզի դրանք անցնեն ՀՀ դե-յուրե տարածքով (այն տարածքները, որոնց հավակնում է Ադրբեջանը, գտնվում են Տավուշի մարզում։ Այնտեղ է անցնում Հայաստանը Վրաստանին կապող միջպետական մայրուղին՝ Իջևանով, Նոյեմբերյանով, Բագրատաշենով-խմբ.)։ Փաշինյանի ասելով, կողմերը պետք է հանգեն լուծումների, որոնց համաձայն, անհհրաժեշտ է Հայաստանի սահմանների արձանագրում եւ դե-յուրե ճանաչում, իսկ հետագայում դե-ֆակտո գործողությունները դե-յուրե իրողություններին համապատասխանեցում:
Մանե Թանդիլյանն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածը Արցախյան վերջին պատերազմի հետ որևէ առնչություն չունի և այս 30 տարիների ընթացքում էական փոփոխությունների չի ենթարկվել։ «Սահմանի մնացած հատվածը (առանց Նախիջևանի մասի) ձևավորվել է 2020թ. պատերազմից հետո և վերջին տարիների ադրբեջանական ագրեսիայի արդյունքում այդ հատվածում Ադրբեջանն ունի էական առաջխաղացում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում։ Արդյունքում, այդ հատվածում էլ կունենա էական առաջխաղացում՝ հետագայում հավերժ ձգձգելով սահմանի՝ մեզ համար կարևոր հատվածի սահմանազատումը։
Ցավոք, Հայաստանի իշխանությունները հերթական անգամ կատարում են Ադրբեջանի պահանջները, ինչը բացարձակապես անընդունելի է։
Հայաստանը պետք է հստակեցնի սահմանազատման իր սկզբունքները՝ գործընթացը սկսելով այն հատվածներից, որտեղ վերջին տարիներին ռազմական գործողությունների արդյունքում առկա է ադրբեջանական զորքերի առաջխաղացում։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ի զորու չեն այս գործընթացում ևս արձանագրել հայանպաստ լուծումներ, հետևաբար, հրավիրում ենք նաև միջազգային հանրության աջակցությունը, մասնավորապես գործընթացում կարևորելով ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում (osce.org/files/f/documents/9/2/363466.pdf) առկա սկզբունքները և մոտեցումները», - նշել է Մանե Թանդիլյանը։